среда, 21 августа 2013 г.

Բանաստեղծություններ (9)

       Լաց էլ կա, լաց էլ

Մեկը լալիս է նորածընի պես՝
Ճչում է, սակայն… արցունքներ չկան:
Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում,
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:
Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ),
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
Ու կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծակծկված սրտում:
14.X.1959թ. Չանախչի

       Դիմանկարի  առջև

Քո կյանքը ապարդյուն անցավ.-
Անօգո՛ւտ, իզո՜ւր տեղ կորար,
Ինչպես որ բաց ծովի վրա
Տեղացող անձրևը վարար.
Շահեցիր լոկ ծաղր ու ծանակ՝
Միայնակ ցուցարարի պես.
Ո՛չ հասար, ո՛չ էլ ետ դարձար՝
Անհասցե փակ ծրարի պես…
[1956թ.]

       Եվ ուրիշ ոչինչ

Ձորից թռչելիս,
Ժայռից ցատկելիս,
Որպես կենդանի – շնչող արարած,
Նա խեղանդամվում
Ու տնքտնքոցով քարշ տալով ոտը՝
Փոշի է հանում ճանապարհներին…
-Իսկ մենք պարզապես կոչում ենք… քամի՛.
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Նա էլ, մարդու պես,
Ունի ամոթի զգացումը նույն,
Դրա համար էլ
Հագուստ է գործում խոտից ու թփից,
Որպեսզի ծածկի իր մերկությունը…
-Մենք ընդամենը կոչում ենք… առո՛ւ,
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Առասպելական հսկա մարջաններ,
Որ վզնոց դարձած՝
Զուգում են վիզը պատըշգամբների,
Մի բան էլ ավե՜լ –
Ունեն համ ու հոտ…
-Իսկ մենք կոչում ենք… պղպե՛ղ կամ տաքդե՛ղ.
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Զուգված ավազի դեղին կապրոնով
Եվ անձեռագործ նեյլոնով կանաչ՝
Հնչեցնում է նա իր ջինջ սոպրանոն…
-Իսկ մենք պարզապես կոչում ենք… աղբյո՛ւր.
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Մի մե՜ծ, երփներանգ յուղաներկ կտավ,
Որ ժամեր հետո փոխվում է հանկարծ
Սև ու միագույն խորանկարի…
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Հրա՜շք իսկական,
Կոչում ենք… գլուխ:
Լեցուն գաղտնարա՜ն,
Անվանում ենք… սիրտ:
Մի քայլող աշխա՜րհ,
Մարդ ենք հորջորջում…
Եվ… վա՜յ ինձ ու ձեզ.
Այսքանից հետո
Մենք մեզ կոչում ենք նաև… բանաստե՜ղծ…
18.XII.1959թ. Թիֆլիս


       Միանգամից

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք,
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
-Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց…
28.I.1962թ. Երևան

       Անպայման  պայման

Մտքեր խա՞կ, թե՞ հասուն,-
Ո՞ւմ է պետք երգի մեջ:
(Մի կտոր հանածո ոգի է հարկավոր,
Մի պատառ կախարդանք,
Մոգության մի պճեղ,
Մի բացվող փակագիծ,
Անհայտի մի լուծում)…
Շրջում են «ինչու»-ներ՝ էակներ սապատված,
Որ չունեն օթևան ու չունեն դեռ անուն:
Հոգու մեջ տալ անկյուն ու լեզվով մկըրտել
Սապատված մի «ինչու» –
Ու երգը կհնչի՜…
Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ,-
Իսկ ո՞վ է վճռելու:
(Մի կտոր արնածոր տաք միս է հարկավոր՝
Սեփական ձեռքերով իրենից պոկոտած,
Մի սարսուռ օդեղեն,
Մի սարսում ընդերքի)…
Մթության երանգներն առատ են ավելի,
Քան բոլոր մնացած գույները գումարված:
Խուսափուկ խլիրտի քղանցքից գեթ կառչել,
Ստվերի վետվետուն քայլվածքը ճանաչել,-
Ու երգը չի՜ կարող չհնչել ինքնակամ…
Ի՞նչ անել և ինչպե՞ս.
Հա՞ստ մանել, թե՞ բարակ:
(Լի օրվա երակին պատվաստել կիրակի՛,
Վեճ մղել ծովի՛ հետ,
Ամաչել կրակի՛ց,
Չուշանա՜լ, չշտապե՜լ),-
Եվ այնժամ, օ, հարկավ
Իր պոչին կտնկվի ձվաձև առարկան,
Եվ արփին ափիդ մեջ կդառնա ձվածեղ…
07.X.1961թ. Երևան

       Գիշերն ու ես

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտըվություն:
Իսկ ես չունե՞մ:
…Ու ջնջում եմ
Էլեկտրական լամպագըրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
(Փող ունենամ՝
Կհասկանամ
Առանց և այդ լամպագըրի)…
…Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ՝
Ինչպես խանութն այս լեփլեցուն,
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ,
Բայց կուզեի,
Շա՜տ կուզեի,
Որ նա սիրել կարողանար
Նաև… տգեղ տղամարդու…
Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն:
Իսկ ես չունե՞մ:
…Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում…
…Բաց եմ անում
Եվ արգելված – հայհոյական բառերն ամեն՝
Իրենց թաքուն պոեզիայով,
Որ կուտակվել է դարեդար…
… Ներս եմ մտնում ա՛յն դռներից,
Որ միշտ փակ են եղել իմ դեմ
Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,
Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,
Բայց չեմ ասի նաև այսօր,
Այսօ՛ր,
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն…
…Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,
Որ կինն ունի՝
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շա՜տ լավ է հասկացել,
Թե չի սիրում ինչի՛ համար:
Ա՛յն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևըս մի բան.
Նա չգիտի,
Որ աշխարհում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լա՛վ գիտի,
Որ երբևէ,
Ի՜նչ էլ լինի ու չլինի՝
Անկարող է դավաճանել…
Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտըվություն:
Իսկ ես չունե՜մ…
26.V.1959թ. 14.X.1959թ. Մոսկվա Չանախչի


       Անտառի վեպը

Ծերունի թեղին ու ջահել թխկին,
Թեքվելով իրար
Եվ արև տալով
Իրենց ստվերում դողացող ծաղկին՝
Զրույց են անում,
Մի զրույց անծա՜յր:
Կանաչ բացատից,
Ուր տաք է, պայծառ,
Ոտներս ինձ կրկին թավուտ են տանում:
Ականջս անտառի խոսք ու զրույցին՝
Ես քարանում եմ,
Օ, ո՛չ… կոճղանո՜ւմ:
Դարավոր կաղնին
Ասես մի ինչ-որ երգ է մռմռում կանաչ քթի տակ,
Մի նախնադարյան՝
Բոլորի՜ կողմից մոռացված մի երգ,
Մի ե՛րգ,
Որ գուցե չէր էլ հասցրել կոչվել երգ,
Մի ե՛րգ՝
Նախամարդկային ինչ-որ բառերով,
Որ տաշված էին,
Բայց ընդամենը քարե կացնի չափ,
Որ տաշված էին,
Եվ բնա՜վ մաշված…
Վիպասանում է անտառը կարծես,
Ասքեր է հիշում,
Որոնք աշխարհում
Երբեք չեն հագել բառե նեղ շապիկ
Ու քայլ չեն փոխել տառե ոտքերով:
Վիպասանում է անտառը կարծես,
Մի վեպ է պատմում,
Մի վեպ հնօրյա՛,
Մի վաղընջակա՛ն – անհա՜յտ առասպել,
Մի ավանդությո՛ւն՝
Արշավի մասին սառցադաշտերի,
Նրանց սպիտակ ահեղ վաշտերի
Նահանջի մասին,
Նահա՛նջ,
Որ անշուշտ նահանջ չէր կոչվում.
Կա ուրի՛շ մի բառ,
Որ ջրհեղեղի հին իմաստն ուներ…
Ու լուռ լսում են անտառի որդիք,
Լսում են պապին՝
Աչքերը չռած,
Դունչերը ծռած,
Եվ մամոնտների ահեղ ոտքի տակ
Չեն տեսնում նրա՛ն,
Որ մինչև անգամ դեռ չունի անուն,
Եվ հետո՛,
Հետո՛,
Շա՜տ ու շա՜տ հետո
Պիտի «մա՛րդ» կոչվի…
Խռոված քամին՝
Հետաքըրքրված կաղնու վիպումով,
Խռովվածությունն արդեն մոռացած,
Բերնին մի տերև՝
Հիմա քարացած
Ականջ է դնում:
Իսկ իմ հոգու մեջ
Զարթնում է հանկարծ անհա՛յտ մի թախիծ,
Մի հազարամյա անանո՜ւն կարոտ,
Որ բազո՜ւմ դարեր քնած է եղել,
Ինչպես մետաղը՝
Որձաքարի մեջ,
Ինչպես կրակը՝
Ատոմի գրկում…
Ու թվում է ինձ.
____Ծառերի խորունկ ճեղքերն էլ արդեն
____Ճեղքեր չեն բնավ,
____Այլ սեպագըրեր անհայտ մի լեզվի:
Ու թվում է ինձ.
____Այնտեղ, ուր շուքից
____Գետակի ջուրն է ասես սևանում,
____Իրենց ոտերն են հիմա լվանում
____Ո՛չ ժայռեր փռչոտ,
____Այլ վայրենինե՜ր,
____Այն էլ՝ մի ցեղից,
____Որ չունի անգամ վերջին մոհիկան:
Ու թվում է ինձ.
____Այս լիճը փոքրիկ
____Ո՛չ թե պարզապես լճակ է, որ կա,
____Այլ հենց մոհիկա՜ն՝
____Վերջի՛ն մոհիկանն այն սառցադաշտի,
____Որ դարեր առաջ եղել է այստեղ…
Ու թվում է ինձ,
____Որ այսպես՝
____Կանգնած կանաչ բացատում,
____Ուր որ է ես էլ, ուժով մի կախարդ,
____Արմա՛տ կձգեմ,
____Կհագնեմ սաղա՜րթ…
29.IV.1959թ. Մոսկվա

       Սև կատու

Իմ սևության համար դու արևի՛ն դիմիր,
Պայծառության համար՝ ի՛նձ միմիայն,
Իսկ ես պիտի դիմեմ այն հորթ-արջառներին,
Որ չեն դարձել դեռ եզ,
Սակայն պիտի՛ դառնան:
Եվ ասածիս վրա շատ էլ մի՛ միտք արա:
Միտք անելու համար ճակատ չեն համբուրում:
Ճակատն առհասարակ հո համբույրի տեղ չէ.
Մի փորձադաշտ է նա, ուր ցանում են կնճիռ:
Ու երբ միտք եմ անում, որ բյուր դարեր առաջ
Ես քայլեր եմ փոխել շա՜տ ավելի հարմար՝
Չորս թաթերի՛ս վրա,
Պոչի՜ս ուղեկցությամբ,
Ու չեմ փնտրել բառե՜ր-
այդ պահերին
Ինձ ողբում եմ՝ օտար մեռելի պես,
Հետո էլեկտրական ածելիով
Սափրվում եմ մաքուր ու դուրս գալիս,
Որ հմայքը չափեմ օտար կանանց,
Խոտի աճման համար հարկ վճարեմ աչքով,
Փողոցները կտրեմ՝ առանց «անցումներ»-ի,
Ինքնագլուխ – ազատ սև կատվի՛ պես:
Խեղճ սև կատուները ունեն շա՜տ վատ համբավ.
Մարդ ու մեքենավար նրանց հայհոյում են:
Շատ կուզեի գոնե չհավատալ,
Թե իմ կատվանման անցումներից
Պատահել է գեթ մի ավտովթար…
30.IX.1961թ. Երևան

       Եկ հպարտ մնանք

Մեզ վիճակվեց – և մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝
Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով:
Ու վիճակվեց… ապրել մեկըս մեկից բաժան,
Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի,
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ…
Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ…
Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա -
Եթե վիճակվել է… չվիճակվել իրար…
15.VIII.1956թ. Չանախչի

       Չեմ ուշացել

Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն,
Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին.
Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել,
Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել:
Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին
Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜.
Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել,
Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև:
Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ,
Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան.
Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ
Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին:
Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից,
Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ:
Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից,
Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից:
Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում,
Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում…
24.XII.1953թ. Մոսկվա



       Ինչպե՞ս չզարմանաս

Բախտ էր մեզ համար՝ խաղալ ջրերում
Ու երջանկություն՝ ցեխոտել իրար,
Թեպետև տանը մեզ չէին ներում
Մեր այդ մանկական հաճույքի համար:
Ճիշտ է, մենք իրար ցեխոտում էինք
Եվ դրա համար ծեծ էինք ուտում:
Բայց նրանք ինչպե՞ս, ո՞նց չգիտեին,
Որ մեր շորն էինք միայն ցեխոտում:
Հետո, հիշո՜ւմ ես, մաքո՜ւր շապկի տակ
Պղտորվեց զուլալ մանկական հոգին՝
Աղարտվեց մեր հին երազը հստակ,
Չկշտամբեցին սակայն ոչ մեկիս…
06.V.1946թ. 21.VII.1953թ. Երևան Նավչալու

       Առանց Քեզ

Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է, թե անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպես ձուլված կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է…
Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում:
Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ փայլով հարբել,
Հարբել – և էլ խելքի չգալ.
Զգալ, որ դու իմն ես հեռվում
Ցավով, սիրով, կարոտներով,
Որ նույն հրով դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով.
Զգալ, որ ես տրվել եմ քեզ
Քո ցանկությանն իսկ հակառակ.
Զգալ այնպե՛ս, որ սեր չերգես՝
Եվ կենդանի սիրտը երբեք
Չդառնա լավ կամ վատ քառյակ…
[1955թ.]

       Երջանկություն

Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն:
Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ,
Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել:
Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով,
Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի,
Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով
Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ:
Եթե սիրում ես երևալ հանկարծակի,
Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով:
Երևալըդ թե նման է հուր-կայծակի,
Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ:
Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար,
Որ երազված լինի նաև քո այցը նոր,
Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա,
Որ մի քիչ էլ մնաս ու տաս սեր ու ցնորք:
Գնա-արի, եկ ու գնա, հիշիր սակայն,
Որ քեզ կարոտ, իրար կարոտ սիրող մի զույգ
Տառապանքի ու ցավի մեջ ամեն վայրկյան
Կրկին դարձիդ են սպասում անարտասուք…
20.X.1955թ. Մոսկվա

       Զարմանալի բախտ

Զարմանալի բախտ էր մեր բախտն այս աշխարհում.
Կո՞ւյր ասեմ, թե աչքերն ամուր քողով ծածկած…
Մենք բաց աչքով նայում էինք դեպի հեռուն
Եվ փակ աչքով հեռու վանում ամեն կասկած:
Խնդության պես մի բան կար միշտ այն խաղերում,
Որ՝ տանջվելով՝ խաղում էինք ամեն անգամ,
Երբ բաց աչքով մեզ էր նայում անսիրտ հեռուն
Եվ սպառնում մեր հրդեհը տեսնել հանգած…
Հիմա արդեն բաժանված ենք: Էլ ո՛չ մի հարց,
Էլ ո՛չ մի խաղ, ո՛չ մի կասկած մեզ չի տանջում,
Բաց աչքերով մեզ նայելիս՝ ի՜նչ վերադարձ,
Բայց աչքը փակ մենք իրար ենք դեռ անրջում…
17.IV.1946թ. 13.VIII.1956թ. Երևան Չանախչի

      Զուր ես համբերում

Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ թո դեմ:
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.
Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն,
Երջանկությունը՝ այնքա՜ն ընտանի,
Լռությունն անգամ երբ դարձավ խոսուն,
Պահանջե՛ց, խնդրե՛ց, հայցե՛ց ընտանիք…
…Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Բայց չկա՛, չկա՜ պատկերըդ խոնարհ,
Եվ չի՛ էլ լինի,- զուր եմ համբերում…
13.VIII.1956թ. Չանախչի

       Ինչքան էլ թանկ լինի

Ես գիտեմ. կհանդիպենք դեռ,
Եվ դու էլ ինձ կանես հարցում.
«Էլ մի՞թե քո սրտում չկա
Իմ հանդեպ ոչ մի զգացում»:
Չեմ դիմել ատամնաբույժի,
Բայց հարցիդ պատասխանն ունեմ.
«Ինչքան էլ թանկ բան է ատամը,
Ցավելիս հանում են – գցում»…
22.IV.1956թ. Մոսկվա

       Ո՞վ գիտի

Դու այնքան չքնաղ, այնքան սիրուն ես,
Այնպես գերում ես, այնպես կախարդում.
Դու խայտանք բերող մատաղ գարուն ես,
Որ ամեն ինչ է իր ճամփին հարթում:
Չգիտեմ՝ իրոք դո՞ւ ես գեղեցիկ,
Թե սիրո համար լավ է և վատը,
Ինչպես որ սուրբ էր հին եկեղեցի՞ն:
Թե՞ սուրբ է եղել միայն հավատը…
15.IV.1948թ. Երևան

        Ես այնպես հեշտ էի տարվում

Ես այնպես հեշտ էի տարվում,
Ես այնպես հեշտ էի վառվում,-
Իմ թելած ասեղի վրա
Հուլունքի պես էին շարվում։
Եվ հանկարծ… ես՝ վաղո՜ւց հանգած,
Վառվեցի և ի՜նչ – քո սառցից…
Հե՜յ գիտի. ծովերից անցա
Ու հանկարծ… խեղդվեցի առվում։
17.III.1956թ. Մոսկվա

       Երազանքի գինը

Մենք ամեն ինչ արեցինք
Շտապելով ու փութով,
Բան չտեսանք, սիրելի՛ս,
Բայց հուսացինք, թե շուտով
Սերն ամեն ինչ կհաղթի,
Լավ կընթանա ամեն ինչ…
Չէ՜, սնեցինք մեզ սուտով…
Դու տեսնում ես, իմ անգի՜ն,
Երազանքը մեր փարթամ
Հիմա դարձել է անշուք,
Հիմա դարձել է տարտամ,
Նա մի ստվեր է թվում,
Բայց մի ստվեր՝ ետևում,
Որից պրծո՜ւմ էլ չկա –
Մեզ է անվերջ հետևում…
05.XI.1955թ. Մոսկվա

       Մի՛ մոռացիր

Մի՛ մոռացիր, որ շատ հաճախ, ցանկալի՛ս,
Երբ հույս ցանում ու հավատ են շաղ տալիս,
Չի՜ կանաչում։
Հիշի՛ր, որ միշտ ուշանում է ցանկալին,
Իսկ երբեմն էլ, իր ոտքով է երբ գալիս,
Չե՜ն ճանաչում…
03.XI.1955թ. Մոսկվա


Комментариев нет:

Отправить комментарий