-
Դու հեռվից ես հարազատ
- Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում,
Երբ սիրով եմ անվանել քեզ «իմ հարազատ»:
…Մոռացել եմ ամեն բան, ինչ սիրտ է մաշում,
Ինչ կոպտորեն եղծում է պատկերըդ գերող,
Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում,
Որ մտովին քեզ շոյեմ սիրող ձեռքերով:
Բայց մոտիկից, ես գիտե՛մ, ո՜ղջը կցնդի,
Ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմար,-
Դու հեռվի՜ց ես հարազատ սիրող իմ սրտին,
Ես պատրաստ եմ լոկ հեռվո՛ւմ ապրել քեզ համար…
Գիտեմ՝ այստե՛ղ, ինչ-որ տեղ ինձ մոտ են մաշվում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Բայց և գիտեմ… ու հեռվո՛ւմ, հեռվի՜ց եմ հաշվում
Քեզ վերստի՛ն սիրելի, նորից հարազա՛տ…
[1946թ.]
-
Ո՞նց սուտ ասեմ
- Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
չի առնվի քո իրանը։
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
Հաֆեզների պերճ Իրանը։
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է -
ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
ինքս եմ տալիս ինձ երանի։
18.III.1956թ. Մոսկվա
-
Դու եկել ես նորից
- Դու եկել ես նորից, եկել այնպես հանկարծ,
Ինչպես սիրեցիր ինձ և ինձ հմայեցիր,
Նույն հասարակ ու պարզ քո զգեստը հագած՝
Հանկարծ հարց ես տալիս.
- «Ինչո՞ւ ինձ սիրեցիր»:
Ես չգիտեմ, անգի՛ն: Նրա՛ համար գուցե,
Որ այդ պահին հանկարծ վառարանում ձեր հին
Կրակը փուլ եկել և իր լույսն էր գցել
Քո մտորուն դեմքին ու կեռ թարթիչներին:
Նրա՛ համար գուցե, որ ծխանում պատի
Քամին կարծես խոսեց աղջըկական ձայնով,
Եվ հալոցքի մի պաղ, մի անդրանիկ կաթիլ
Ջրհորդանից պոկվեց, ընկավ մայթին ծանոթ:
Նրա՛ համար գուցե, որ ձմռանը հանկարծ
Ամռան բուրմունք առա շքեղ քո վարսերից:
Նրա՛ համար գուցե, որ քեզ սիրտըս ցանկաց,
Բայց ինձ թվաց, թե դու… թե դու ինձ չես սիրի…
Ախ չէ՜, նրա՛ համար… Բայց իբրև պարզ զգեստ,
Նայի՛ր, ձյունն է ծածկել անցած հետքերն հիմա,
Եվ ուրախ եմ, անգի՛ն, որ սիրում եմ ես քեզ
Ու չեմ կարող ասել՝ ինչի՞ համար:
1946թ.
-
Առանց խոսքերի
- Ես գիտեմ, որ դու հաճախ ես հիմա
Մոտենում ձեր տան հայելուն շքեղ,
Անծանոթ, օտար մի կնոջ նման
Դիտում ես երկար, զննում ինքըդ քեզ:
Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջ
Ձեռքով մղելով ականջիդ ետև,
Մարմարե վիզըդ ափերով շփում
Ու ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:
Հարդարում ես դու հագուստըդ այրող,
Որ գրկում է քեզ սիրահարի պես:
Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,
Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:
Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-
Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս:
Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում…
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,
Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:
Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում…
1946թ.
-
Սի՛րտ իմ, ինչո՞ւ ես նորից խռովել
- Սի՛րտ իմ, ինչո՞ւ ես նորից խռովել,
Իզուր ինձ ու քեզ ինչո՞ւ ես տանջում.
Ի՞նչ ես կամեցել, որ քեզ չեմ տվել,
Ի՞նչ ես պահանջում:
Ա՜խ, խռովում ես դու այդպես հաճախ,
Բայց համր լեզուդ ես չեմ հասկանում,
Սի՛րտ իմ, երեխա՜ քմահաճ ու չար,
Անլեզո՜ւ մանուկ…
16.II.1947թ. Երևան
-
Վաղվա խնջույքում
- Վաղը խնջույք է լինելու, ու կլինենք մենք միասին։
Ոմանք՝ գինով, իսկ ես կարբեմ քո հայացքով պղտոր ու մառ.
Մինչ իմ հոգին, լի գավի պես, լուռ կերազի լոկ քո մասին՝
Լի գավերը կդատարկվեն հազար ու մի կենաց համար։
Ու խենթորեն երգեր կասեն՝ երգեր սիրո – դրժման մասին,
Կմիանան – կբաժանվեն պարազույգերն՝ իբր ապացույց։
Հազար մաղթանք բաժին կընկնի յուրաքանչյուր կենաց թասին,
Հազար մաղթանք նրա՜նց համար, ինձ՝ լռություն մի անպաճույճ։
Հազար նայվածք նրա՛նց համար քո աչքերից մութ ու գերիչ,
Քո ձեռքերից հազար ալիք մեղմ կշոյի սրան-նրան,
Եվ միայն մի պատահական մոլորված շող քո աչքերից
Կիջնի, բայց չի հանգրվանի իմ դառնացած դեմքի վրա։
Քեզ կշոյեն ոմանք ձեռքով, ոմանք ժպտով ու հայացքով,
Ոմանց համար կին կլինես, այլոց համար՝ աստվածուհի.
Քեզ կդիմեն, կբարբաջեն թլվատ լեզվով՝ գինու խոսքով,
Իսկ ես… հեռո՜ւ ինձ կպահեմ այդ խոսքերից ասված ու հին։
Եվ այն պահին, երբ թանկագին քո կենացը հանկարծ զնգա,
Ու ոսկեզօծ մաղթանքները արծաթ գավով հորդեն տնից,
Դու այդ արբշիռ աղմուկի մեջ չես նկատի ու չես զգա,
Որ սրտիս մեջ լեցուն մի գավ ճայթեց… զսպված լռությունից։
Բայց նստած եմ ես դեռ մենակ (չէ՞ որ վաղն ենք խնջույք անում),
Դեռ առանց քեզ և – առանց քեզ՝ քեզ ավելի մերձ ու մոտիկ,
Քան թե վաղը, երբ քո կողքին՝ ես ինձ կզգամ օտարոտի,
Ինչպես երգն այս, որ երբ գրվեց՝ քեզ պես այլոց է պատկանում,
Մինչդեռ իմն էր, երբ սրտիս մեջ ճիչ էր ցավի և կարոտի…
29.XII.1946թ. Երևան
-
Գիտե՞ս, սիրելիս...
- Գիտե՞ս, սիրելի՛ս,
Ո՛վ է անխելքը,
Եվ անբուժելի՝
Ո՛ր խոցն ու վերքը.
-Երբ ո՛չ թե կտրում,
Այլ համբուրում ես
Քեզ անխղճորեն
Հարվածող ձեռքը։
18.III.1956թ. Մոսկվա
-
Հավերժ երեխա
- Անձիս, տարիքիս վայել չէ, գիտե՛մ…
Ինձ պետք է հիմա հոնքերը կիտել,
Ինձ պետք է հիմա կարգին լրջանալ,
Ինձ պետք է հիմա…
պետք է հազար բան,
Իսկ ես՝ հիմարս, ես՝ անուղղելիս,
Խելքս տվել եմ թովչանքիդ էլի
Ու բռնել քեզ հետ խենթության ճամփան:
«Կյանք չի՜ հասկանում»,- լսում եմ անվերջ…
«Ե՞րբ պիտի ախր դուրս գա մարդամեջ»…
«Ե՞րբ պիտի ախր հասնի սա դիրքի»…
«Ե՞րբ պիտի կյանքը հասկանա կարգին»…
Եվ այս ամենը՝ նորից իմ մասին:
Իսկ դու… խնդո՞ւմ ես, իմ լա՛վ, իմ անսի՛րտ:
Խնդում ես, այո՛, սակայն ո՞ւմ վրա:
Եվ քո կարծիքով սխա՞լ են նրանք:
Գիտե՛մ, ուզում ես դու նրանց ասել,
Որ ես մի անհաս դիրքի եմ հասել.
Որ դու աշխարհ ես մի կախարդական,
Ու ես եմ այնտեղ քո տերն ու արքան.
Որ կյանքը գիտեմ ես հիանալի,
Քանի որ դու ես նրա բանալին.
Եվ ի՞նչ ասել է «դուրս գալ մարդամեջ»,
Երբ ես մարդկանց մեջ քեզ հետ եմ անվերջ.
Եվ ի՞նչ ասել է «ճանապարհ հարթել»,
Երբ քեզ եմ հասել հարթ ճամփով արդեն…
Ասում ես այսքանն ու կանգ ես առնում,
Դու կանգ ես առնում ու ինձ ես նայում,
Ուզում ես տեսնել, թե ես ի՛նչ կասեմ:
Ես քո կարծիքը ինչպե՞ս չկիսեմ,
Երբ որ կիսում եմ քեզ հետ կյանքը իմ,
Ուրախությունը և տանջանքը իմ:
Ես քեզ, անգի՜նս, լավ եմ հասկանում.
Ինձ ոչ մի դեպքում դու չես ցանկանում
Տեսնել ընտանի կենդանի դառած –
Կենդանի մեռած…
15.VII.1953թ. Նավչալու
-
Գալի՜ս ես, գալի՜ս…
- Գալի՜ս ես, գալի՜ս…
գաս հազա՛ր բարով,
Իմ գլխի՛ վրա և իմ աչքերի՛։
Ա՛խ, եթե պիտի բաժանվենք էլի՝
Բաժանվենք մի՛ օր, տեսնըվենք տարո՛վ։
Թե որ գժտըվենք՝ մի՛ օր գժտըվենք,
Մի ամի՛ս զղջանք, տարո՛վ հաշտըվենք։
Ու թե սիրում ենք՝
Մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք,
Ու թե սիրում ենք՝
Յոթ տարիս ո՞րն է -
դարերո՜վ սիրենք…
05.II.1956թ. Մոսկվա
-
Դու եկար
- Իր մասին, հայտնի բան է,
Փորձանքը լուր չի տալիս:
Դու եկար ճիշտ որ այդպես,
Բա այդպես հյո՞ւր են գալիս:
Դու եկար և ամե՜ն ինչ
Արեցիր տակնուվրա:
Ես հիմա ինչպե՞ս ասեմ,
Թե՝ փորձա՛նք, զո՜ւր ես գալիս:
17.III.1956թ. Մոսկվա
-
Ծեր լինելու ցանկություն
- Ես կուզեի հիմա լինել ծեր ու տկար,
Ապավինած միայն անցյալների հուշին,
Լինել ապրա՛ծ, անցա՛ծ, որ սիրտս այսպես չզգար
Ոչ սեփական զարկը, ոչ՝ ուրիշի:
Լինել լո՜ւռ ու պարտված,
Արդեն հաղթա՛ծ դավին,
Հուզումներից պարպված
Եվ անկարող ցավին,
Եվ ուշացած սիրուց ու կարոտից դաժան,
Հիշել – ու հասկանալ, զգալ գոնե այնժամ,
Որ դժվա՜ր չէր այսպես,
Անհնա՜ր չէր այսպես
Ապրել առանց իրար և իրարից բաժան…
30.VII.1946թ. Չանախչի
-
Տան երազը
- Ես աչքերըս փակում ու տեսնում եմ հստակ՝
Մեր երազանքն արդեն կերպարանք է առել.
Խանդոտ բարդիների արթուն հսկումի տակ
Սարավանդի վրա մեր տնակն է թառել։
Աղյուսից է շինված, միայն հիմքն է քարից,
Կտրին կանաչ խոտեր՝ հողածածկ է վերից.
Պատերն ազնըվորեն այնպես շիտակ,
Սովորական փայտե ներկված հատակ.
Ո՛չ շատրվան ցայտող, ո՛չ ավազան մարմար,
Ո՛չ կամարներ շքեղ ու պայտաձև։
Խոյակավոր սյունե՞ր։ Սակայն ինչի՞ համար,
Եթե պատշգամբ կա մի պայտաձև,
Որ լուռ գոգ է տվել սաղարթի տակ,
Եթե, երակի պես, շենքի ճակատն ի վեր
Տարածվել է, փռվել մի պատատուկ,
Ու դեղձին է տվել կանաչ շիվեր…
Իսկ տան չորս կողմ՝ այգի, միշտ էլ ցողոտ-շաղոտ,
Ածուների թմբով շրջանակված մարգեր,
Շրջանակված՝ ինչպես մի նոր սրբապատկեր,
Որ կարիք էլ չունի ու չի կորզում աղոթք,-
Քո հպումն են նրանք լոկ փափագում,
Քո հպումը, անգի՛ն։
Եվ դու հաճախ,
Երբ արևը նոր է սարից ծագում,
Բրդե շալը ուսիդ, ոտքիդ մուճակ,
Տարածելով չորս կողմ մի հողաբույր ժպիտ,
Այցելում ես սիրով ամեն թփի.
Մոտենում ես զգույշ,
Անհունորեն քնքուշ
Ձեռք ես տալիս, կարծես բարևում ես հերթով.
Կոր ցողունին մեկի՝ խաչափայտ ես տնկում,
Հիանում ես մեկի փարթամ ծաղկաթերթով,
Մեկի արմատները փխրում բրչով փայտի,
Իսկ այն մեկի մասին – հասունության առթիվ –
Շոյիչ մի խոսք ասում…
Այգու մյուս մասում
Ձեռքիս արծաթ բահով այսօր նորից
Հորդ անձրևի բերած տիղմ ու քարից
Այն առուն եմ մաքրում, որ մանկաբար
Վախենալով դիպչել հանկարծ պատին՝
Սիրով ընկերանում ցանկապատին
Ու բակ է ներս խուժում ափալ-թափալ…
Բակ եմ մտնում ես էլ։
Այգու ցողով շաղված,
Փոքր-ինչ հոգնած արդեն՝ բազկաթոռում թաղված,
Տանու շորըդ հագած, ոտքիդ մաշիկ՝
Դու սպասում ես ինձ… նախաճաշի…
*
Դու հարցնում ես հաճախ.
«Ո՞նց ես տանում,
Անգո՛ւթ, ո՞նց ես ապրում ինձնից բաժան,
Ո՞նց է, որ ինձ նման չես խենթանում,
Ո՞նց է, որ չես գժվում անլուր տառապանքից»:
Մի մոռացիր, որ իմ և քո կյանքում դաժան
Եվ երազ կա,- այսպե՜ս,- բացի անհույս կյանքից…
22.VIII.1948թ. Երևան
-
Սարսափում եմ լոկ հիմա
- Դու ասում ես, թե սառել եմ,
Բոլո՜ր-բոլո՜ր կրակներըս ես վառել եմ
Ու հիմա էլ… մթան մեջ եմ ես խարխափում։
Իսկ ես կասեմ. ես քայլել եմ,
Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ,
Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում։
Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով,
Ո՛չ մի երգով կամ ակնարկով.
Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել,
Երկու հարկով բարձր եմ ապրել,
Ցած եմ իջել երկու հարկով,
Իջել-ելել, սակայն երբեք չեմ խարխափել։
Թե երբևէ խարխափել եմ՝
Խարխափում եմ ես լոկ հիմա,
Թե երբևէ սարսափել եմ՝
Սարսափում եմ ես լոկ հիմա,
Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝
Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս,
Միայն հիմա՛, երբ զգո՛ւմ եմ,
Հասկանո՛ւմ եմ ու սարսափո՜ւմ,
Թե առանց քեզ, իմ կորա՜ծըս,
Այս աշխարհի ինչն է պակաս…
25.X.1955թ. Մոսկվա
-
Չես հարցնում
- Աչքըս բաց՝
Բայց էլի խաբեցիր –
Ոտքերըս-ձեռքերըս
Կապեցիր։
Հիմա էլ
Կտրում ես յոթ անգամ,
Բայց գոնե
Մեկ անգամ չափեցի՞ր
19.III.1956թ. Մոսկվա
-
Բաց փակուղի
- Միգուցե մեզ էլ այս էր վիճակված.
Դու՝ քո զղջումի զնդանում փակված,
Ես՝ իմ զղջումի արջի ճանկերում,
Բանտարկվածի պես ետ-առաջ քայլել
Քո ծանոթ անվան երկու վանկերում…
Քո ծանոթ անվան երկու վանկերում
Բանտարկվածի պես քայլել ետ-առաջ,
Կրակը կողքիս՝ միշտ մնալ սառած,
Բաց դուռը դեմըս՝ բանտարկված մնալ,
Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ…
20.II.1955թ. Մոսկվա
-
Անկեղծ ասած
- Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։
Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։
Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու … որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…
Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։
Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր –
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…
31.X.1955թ. Մոսկվա
-
Սիրտս կոտրվեց
- Սիրտս կոտրվեց սափորի նման,
Սիրտս կոտրվե՜ց։
Այդ ո՞վ է կտցում փայտփորի նման,-
Ծառս կտրվե՜ց։
Օրերս անցնում են թափորի նման,-
Քո մահվան ծեսը, անխի՜ղճ, այս ինչքան
Երկա՜ր կատարվեց…
20.II.1955թ. Մոսկվա
-
Իսկ ինչ անենք
- Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ իմ, ո՛չ քո անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին։
Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև,
Ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր։
Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն –
Իզո՜ւր էին մեր սրտերը սպասումից թպրտում։
Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,-
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո՝ պղինձ, վերջը՝ կավ…
Ես տեսնում եմ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով։
Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,-
Քեզ ամե՜ն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր։
Քեզ թվում է, որ մենք իզո՜ւր հանդիպեցինք մեկմեկու,-
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում…
Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով…
26.X.1955թ. Մոսկվա
-
-
среда, 21 августа 2013 г.
Բանաստեղծություններ (8)
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий