-
Երջանկության նոր չափանիշ
- -Երջանիկները ի՞նչ չեն ունենում:
-Ժամ ու ժամանակ:
Չէ՜, սիրելի՛դ իմ.
Շատ է հնացել քո պատասխանը:
Երջանիկները մո՛ւժ չեն ունենում՝
Իրար հոգու մեջ բարդելո՜ւ համար:
Երջանիկները կո՛ւժ չեն ունենում՝
Անզգուշորեն ջարդելո՜ւ համար:
Ոչ մի կավճոտված հո՛ւշ չեն ունենում՝
Սրտի սպունգով ջնջելու համար:
Նրանք, կարճ ասած, ո՜ւժ չեն ունենում՝
Իրենց ու իրար… տանջելո՛ւ համար…
22.III.1964թ. Դիլիջան
-
Էլեկտրական աղետ
- Լինենք խելո՞ք:
Հե՜շտ է ասել…
Ծառը եթե խելոք լիներ՝
Պտուղների համեղ հյութով միշտ կսներ
Իր տոչորված արմատնե՜րը
Եվ իր բնի չոր կոկո՛րդը:
Բա՜, սիրելի՛ս…
Գետն էլ եթե խելոք լիներ՝
Միշտ կհոսեր ուղիղ գծով,
Ամեն տեսակ շեղումներից ապահովված,
Եվ ինքն իրեն չէր ջլատի ոչ մի դեպքում՝
Բաժանվելով մանր ու խոշոր առուների:
Սա էլ գուցե մի առանձի՛ն խելոքություն,
Ուրի՛շ խելք է:
Բա՜, սիրելի՛ս…
Խելո՞ք լինենք:
Սակայն եթե փոքր խելքը շատ մեծ բեռ է,
Մեծն էլ շա՜տ է վտանգավոր,
Բա՜, սիրելի՛ս…
Իսկ ի՞նչ անենք:
Բա՜ն էլ չանենք:
Պառկենք իրար դեմ ու դիմաց՝
Իրար ուղղված երկու սուրսայր սլաքի պես,
Ու կարոտով իրա՜ր նայենք,
Այնպե՛ս նայենք,
Կարծես թե դու լինես կատոդ,
Իսկ ես՝ անոդ.
Թո՛ղ մեզանից հուժկու հոսանք առաջանա
Ու լույս դառնա
Ողջ աշխարհի բոլո՜ր մթին տնակներում
Եվ անարև ծմակներո՛ւմ:
Ու երբ վառվեն այդ լույսերը հանկարծակի,
Մարդիկ իրար աչքով անեն
Ու ժպտալով ասեն իրար.
«Սիրողնե՜րն են իրար նայում»:
Իսկ երբ մարեն այդ լույսերը հանկարծակի,
Մարդիկ իրար վախով նայեն
Ու մտածեն լուռ տագնապով.
«Ի՞նչ վթար էր… չի անցնելո՞ւ»…
Լինենք խելո՞ք:
Լինե՜նք:
Այնպե՛ս,
Որ չմատնենք չար աղետի մեր սերը տաք
Ու… չթողնենք մարդկանց մթնում:
22.III.1964թ. Դիլիջան
-
Ես, որ ես չեմ
- Չգիտեմ՝ ի՞նչ պիտի փոխվեր,
Սակայն ես նո՛ւյնը մնացի.
Ես նորից իմ տեղը դարձա՝
Որքան էլ հեռու գնացի:
Հազա՜ր խոչ ու քարեր կային
Իմ անցած ճանապարհի մեջ,
Կար սև ցավ
Ու կարմիր արյուն
Ամեն խոչ, ամեն քարի մեջ:
Ոտ տալով՝ գետին փռեցին,
Ջարդեցին իմ կողն ու քիթը,
Բայց նույնիսկ իմաստո՛ւն դարձած՝
Մնացի նո՜ւյն միամիտը.
Գնացի նո՛ւյն ճանապարհով
Ու եկա նո՛ւյն ճանապարհով…
Չգիտեմ՝ ի՞նչ պիտի փոխվեր,
Սակայն ես նո՛ւյնը մնացի:
Իրենց բիրտ արարմունքներով
Ինչքա՜ն էլ մարդիկ վանեցին,
Ինչքա՜ն էլ սուր արմունկներով
Կողերիս հոգին հանեցին,
Նրանց դեմ ես քեն չարեցի,
Հաշտության եզրեր ճարեցի՝
Մտնելով իմ հին դերի՛ մեջ.
Մնացի ընկե՛րը նրանց,
Բարեկամն ու մտերի՛մը…
Թվում է՝ դավաճանեցի
Սերերիս իմ ամբողջ կյանքում՝
Իմ ապրած վաթսուն դարի մեջ:
Բայց սուտ է.
Իմ ամբողջ կյանքում
Ես եղա ու միշտ մնացի
Էլի նո՜ւյն հավատարիմը:
Գեղեցի՛կն իր տեսքը փոխեց,
Մինչդեռ ես մնացի նո՛ւյնը՝
Գեղեցիկ մերկություն պաշտող
Հայ ծնված միևնույն հույնը,
Որ իր կարճ-անցողիկ կյանքում՝
Իր ապրած վաթսուն դարի մեջ,
Մի՜շտ մնաց իր պաշտամունքի՝
Իր սիրո հավատարիմը…
…Գուցե ես բնա՛վ էլ ես չեմ.
Պարզապես ցավի ծառան եմ,
Որից ես թակվո՜ւմ եմ-թակվո՜ւմ՝
Փոշոտված գո՞րգ թե թաղքի՛ պես:
Գուցե ես բնա՛վ էլ ես չեմ.
Պարզապես այն կացարանն եմ,
Որտեղ մեծ Սերն է բնակվում
Եվ կողպեք չունի դռանը.
Գերզգա զանգածաղկի՛ պես՝
Դուռն ինքն է բացվում ու փակվում…
21.III.1964թ. Դիլիջան
-
Ներկա - բացակա
- Ներկա են ոտքերըս. ինքնաշարժ քայլում են:
Ներկա են աչքերըս. երևի փայլում են:
Բացական հայացքս, այդ նա է. ես նայում
Եվ սակայն չեմ տեսնում. ոչինչ չի հմայում:
Ներկա է և մաշկըս. կարծես թե մրսում եմ:
Ծածկ ունեմ և չունեմ. տան մեջ էլ դրսում եմ:
Գարուն է – գարուն չէ. բացակա – ներկա է:
Բացական աստղերն են:
Բացական լուսինն է:
Բացական քամին է, շարժումը և… ինքը,
Որ տերն է կարոտիս:
Կարոտս ներկա է…
Թարմ օդից զարթնում են ռունգերըս, բայց իզո՜ւր.
Իմ շնչած օդից է բացակա իր շունչը:
Ձգում եմ ոզնու պես փշապատ մտքերըս,
Բայց նրանք վերստին կծկըվում-գնդվում են:
Ա՜խ, լիներ մի քնքուշ-կոպիտ ձեռք. ինձ բացեր,
Ինչպես որ գրտնակով բացում են խմորը,
Ինչպես որ բացում են բառի խոր իմաստը,
Ինչպես որ… չե՜ն բացում, ոզնուն լոկ ճխլում են:
Ա՜խ, լիներ… լինեին հաստ մեխեր, ժանգոտա՜ծ:
Այն խաչը,
Որին մենք կամովին գամվել ենք,
Մեխերի՛ պետք ունի,
Ժանգոտա՜ծ մեխերի:
Մեխն ի՜նչ է, անխիղճնե՛ր, մեխն ի՜նչ է.
Էժան է, հեշտությամբ ճարվում է:
Մի քանի մեխն ի՜նչ է.
Ընտրեցեք հաստերը,
Որ ցավը բարակի ու… հատվի:
Հերի՜ք է…
20.III.1964թ. Դիլիջան
-
Անարժեքության տապկնոցում
- Ինչի՞ց, տե՜ր աստված, ինչի՞ց է, ինչո՞ւ
Որ ամենից շո՛ւտ և ամենից շա՛տ
Իրեն՝ մարդու մեջ հենց մարդն է կորչում:
Եվ դրանից չէ՞ արդյոք, տե՛ր աստված,
Որ երբ մարդիկ են ծնվում՝ լալիս են
Եվ ոչ թե ժպտում,
Ինչպես անում է անճիչ-անծպտուն
Աստղը նորածին.
Եվ ոչ թե բուրում,
Ինչպես անում է հացը նորաթուխ.
Եվ ոչ թե պարում,
Ինչպես անում է խոտը նորածիլ…
Եվ դրանից չէ՞, որ մարդն աշխարհում
Ո՜չ մի բանի դեմ այնպես անպաշտպան,
Անզոր չէ այնքան ո՛չ մի բանի դեմ,
Որքան որ մարդո՜ւ՝ ի՛ր իսկ նմանի…
Եվ դրանից չէ՞, որ մենք շարունակ
Այլ բան չենք անում, քան թե լճանում,
Մինչդեռ հոսելն է պարզ կոչումը մեր…
Եվ ինչի՞ համար, ինչի՞ համար են
Մեր բազմատեսակ այս գրպանները,
Եթե հոգին էլ
Մի լեցուն ու փակ գրպան է միայն,
Որ շա՜տ է կարոտ գրպանահատի:
Եվ արհեստական բուծարաններում
Ինչո՞ւ չեն բուծում գրպանահատներ,
Հոգի՜ արձակող գրպանահատներ,
Որպեսզի փոքր-ինչ մենք թեթևանանք
Ա՛յն ծանըր բեռից,
Որ մի կողքի է մեզ ճկում-թեքում՝
Մեզ ստիպելով կաղալ ու խեղալ,
Մե՜զ, որ չենք ծնվել ո՛չ կաղ, ո՛չ էլ խեղ…
Եվ դրանից չէ՞, որ տապակվելով
Տապակվում ենք մենք անարժեքությամբ…
Ու տապակվում է անարժեքությամբ
Ինքը բարիքը,
Եթե մեր ձեռքից կերակրվողը մեր ձեռքն է խածում
Եվ զորեղացած իր ատամներով
Կրծում մեր բուկը:
Ու տապակվում է անարժեքությամբ
Նույնիսկ չարիքը,
Եթե նրա դեմ կա ամենազոր արհամարհանքը:
Ու տապակվում է անարժեքությամբ
Եվ ամենազոր արհամարհանքը,
Եթե ոչ մի կերպ սա տեղ չի հասնում՝
Եթե ընկալողն իրեն զգում է ա՛յն երկնքի պես,
Դեպի ուր ճամփած քարը վերստին
Ընկնում է ներքև…
Ինչպե՞ս, տե՜ր աստված,
Մենք ինչպե՞ս անենք,
Որ չտապակվենք անարժեքությամբ,
Անարժեքությա՛մբ,
Անարժեքությա՜մբ…
19.III.1964թ. Դիլիջան
-
Եղելություն, որ լավ կլինի, այլևս չլինի
- Ես քնիս մեջ տխուր էի,
Այնքա՛ն տխուր,
Այնպե՛ս տխուր,
Որ արթնացա վեր ցատկելով
Ու… լաց լինել սկսեցի,
Հավատացե՛ք, սկսեցի՜…
Դարի չափ ձիգ ժամ է անցել:
Ես այլևս, վաղո՜ւց արդեն, լաց չեմ լինում,
Բայց դեռ տխուր, դեռ տխուր եմ,
Այնպե՛ս տխուր,
Այնքա՛ն տխուր,
Որ ավելի լավ կլիներ,
Եթե նորից ես լաց լինել կարենայի:
19.III.1964թ. Դիլիջան
-
Ասա «Ամեն»
- Կրկին՝ ձնհալ:
Վտակները ձմռան քարտե՞զն են ավարտում,
Թե՞ սկսում գարնան քարտեզն այսօր միայն՝
Նկարելով շատ փոքրացած տարբեր գետեր
Ոչ թե կապույտ, այլ գորշ գույնով:
Երկրաչափ է դարձել քամին.
Էլիպս է նա գծում անվերջ,
Գալարագիծ է նկարում,
Հետո, կարծես սխալվելով,
Տարուբերվող մերկ ծառերի
Ստվերներով ջնջում է լա՜վ,
Որ սկսի նորից գծել:
Մարդ երբեմըն վախենում է լուռ մտածել:
Ու ես ահա բարձրախոսն եմ գործի գցում:
Սրտագըրավ ինչ-որ մի ձայն աղջըկական
Իր անարվեստ ու պարզ երգով
Կոչ է անում ինքնամոռաց-անվիշտ սիրել,
Կոչ է անում հավատարիմ ու միշտ սիրել:
Իսկ ծաղրարար քամին դրսում,
Երկրաչափի իր պաշտոնից արդեն հոգնած,
Աղջըկան է իբըր կապկում՝ ծանակելով:
(Դու բանի տեղ մի՛ դիր, քույրի՜կ, ե՛րգըդ երգիր,
Հե՜րն անիծած այս ծաղրարար ու չար քամու):
Սակայն հիմա մեկ ուրիշն է երգում արդեն՝
Սիրո՛ւց կրկին:
Սա ուզում է,
Որ մեր սրտերն անվախ բացենք
Ցավի՛ առջև,
Տառապանքի՜:
Բացե՞նք: Բացե՛նք:
Բացե՛նք: Թող գա՜ն:
Թո՛ղ գան վարձկան զինվորների ախորժակով.
Մեկ է՝
Վերջում խնդումն ու սերն են հաղթելու,
Այսինքն՝ մենք:
Տառապանքը թող ինքն իրեն գլխել ջանա:
Իսկ երբ գլխվի՝
Մենք կվերցնենք ամանի պես ու կկործենք՝
Հետևելով,
Թե ինչպես է թունավորվում՝
Ինքն իր շնչով ապականված…
(Երգի՛ր, քույրի՜կ, ճիշտ ես երգում.
Խնդությունը միշտ է կարմիր,
Տառապանքը միշտ չէ բոսոր:
Երգիր…)
Սակայն համերգն արդեն ավարտվում է
Ես սկսվում մի պաղ զրույց՝
Ստիպելով,
Որ ես անմեղ բարձրախոսի հոգին առնեմ
Ու հայացքով դուրսը խառնեմ:
Դրսում՝ գարուն անկասելի:
Իսկ իմ ներսում՝ նորելուկ սեր:
Օր-ցերեկով նորած լուսին:
Անվիշտ կարոտ:
Արև:
Կեսօր:
Իսկ ծաղրարար ու չար քամին
Խռովել է միանգամից
(Արդյոք ինչի՞ց, արդյոք ինչո՞ւ)
Ու խաղում է պոչուկի հետ շան լակոտի,
Որ հաչում է ցերեկային լուսնի վրա
Ես սպառնում իր պոչուկով՝ ինչպես մատով…
Հե՜րն անիծած տխրողների:
Էլ բարև տալ – բարև առնել չկա՜ արդեն.
Տխրողներից խռովում եմ հավիտենից հավիտյանըս,
Իսկ դու, սե՛ր իմ, այս անգամ դո՛ւ «ամեն» ասա,
«Ամեն» ասա տատիկի՛դ պես՝
Հավատալո՜վ և ի սրտե՛…
19.III.1964թ. Դիլիջան
-
Կակազող լույսերը
- Մթնեց:
Այնպես, որ չեմ տեսնում
Նույնիսկ ոտներն իմ սեփական:
Ու ներքնաձիգ գետակն է լոկ
Մթան շունչը ձայնագըրում
Ուղղահայաց այս քարափի
Եվ անսաղարթ այս ծառերի բնի վրա:
Գիշերվա մեջ այս ծովական
Երևում են լոկ լեռների մեջքերը գորշ՝
Կետ ձկան պես.
Հեքիաթական ինչ-որ ուժով
Կարծես դյութվել-կախարդվել է
Մշտախաղաց օվկիանոսը՝
Իր փոքր ու մեծ ալիքներով քարացել է ու մնացել
Մի վիթխարի
Միջահատված-զատված գանգի ուղեղի պես.
Ո՛չ մի շարժում,
Ո՛չ մի խայտանք:
Ես չգիտե՜մ, իսկ ո՞վ կասի,
Թե առավել սարսափելին ի՞նչն է կյանքում.
Անշնչացած օվկիանո՞սը,
Թե՞ քարացած ուղեղն արդյոք՝
Նույնքան խայտուն ու բազմալիք…
Մթան ահը
Գերաճում է ու դառնում է սպառնալիք,
Եվ հատուկենտ խեղճ լույսերի լեզուն ճարտար
Կապ է ընկնում.
Ձիգ ժամերով
Կակազում են նրանք միշտ նո՛ւյն վանկի վրա,
Ինչպես ինքըս,
Երբ ուզում եմ
Իմ հարազա՛տ հորն ու մորը թունդ հայհոյել՝
Իմ այս իզո՜ւր շիտակության,
Իմ անօգո՜ւտ այս տաքության,
Իմ սիրո այս անտակությա՛ն,-
Իմ այս հիմար
Կյանքի՜ համար,
Որ այլ բան չէ, եթե կուզեք,
Քան կույրերին… հեռուստացույց նվիրելը:
19.III.1964թ. Դիլիջան
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
- “3.5.1961թ.
Երևան
Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդիմադրելի լաց եմ:
Իմ հոգում թախիծ է:
Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի:
Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել…
Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ:
Ինչու՞ եկար: Պետք չէր…
Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ:
Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել:
Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:
…Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ:
Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ:
Էլ գրել չեմ կարողանում:
Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ:
Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞:
Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ:
Սուլաաա:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ:
Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ:
Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի:
Սիրելիս:
Սիրելիս:
Սիրելիս:
Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում:
Վաղվանից սկսելու եմ:
Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր:
Ես միշտ քոնն եմ լինելու:
Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն:
Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի:
Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:
… Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը:
Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:
Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի:
Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը…
Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն…
Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել!!!”
-
Սիրում եմ սիրել
- Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:
Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և – թա՜ց վարտիկով -
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:
-
Անցած սերերը
- -Իմ սերե՞րն անցած…
Նախ՝ նորի՛ց ասեմ,
Որ սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում,
Ինչպես… ծննդյան եզակի օրը:
Եվ հետո… հետո՝
Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել՝
Երբեք ավելին չե՛նք ունենալու,
Ինչպես չի լինում… ավելորդ ատամ:
Սիրո համեմատ
Թիվն ատամների շա՞տ ես համարում:
Բայց մի՛ մոռացիր, որ ես, ճիշտն ասած,
Դեռ չեմ բաժանվել ո՜չ մի սիրածից.
Իրենք են փոխել անուններն իրենց,
Կերպարանքն իրենց,
Իրենց հասակը,
Իրենց տարիքը,
Սակայն ո՛չ իրենց:
Եվ ի՜նչ փոխել են՝ իրե՛նք են փոխել,
Իրե՜նք, ո՛չ թե ես,-
Այս մի՛ մոռացիր:
Եվ զուր մի՛ հարցրու,
Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը:
Մի՛ հարցրու:
Սերերը, սե՛ր իմ,
Եթե մինչև իսկ անհավասար են՝
Անհավասար են, ինչպես… մատները.
Ո՞ր մատդ կտրես՝
Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի:
Էլ ի՞նչ ամենա…
Ախ այս ամենա-ն…
Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան,
Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես,
Թե դժբախտության մեր զգացումը
Գալիս է հենց այդ… այդ ամենա-ից.
Անծանոթ է դա ո՛չ միայն բույսին,
Այլև կենդանո՛ւն,
Ապուշի՜ն նաև,
Եվ սրանք իրենց… դժբախտ չե՜ն զգում…
Ամենա չկա՜:
Վատ ու լավ կա լոկ:
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս,
Ու եթե սեր է՝
Էլ ի՞նչ ամենա…
-Իսկ անցած սերերն, ի՜նչ է, չեն մեռնում:
Իսկ եթե նույնիսկ, աստված չարասցե, մեռնում են նրանք,
Դարձյա՛լ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ,
Ինչպես մեր… մեռած երեխաները…
Ահավոր ցավը չե՛ն վերհիշեցնում:
Գրկի՜ր ինձ:
Մեղք եմ…
19.III.1964թ. Դիլիջան
-
Բաժանություն տեղն ու տեղը
- Անտառը հիմա անչափ է նման
Չին-ճապոնական մի ակվարելի:
Ու ես էլ հիմա
Անզարդ եմ, ինչպես մանկական նկար:
Եվ լռություն է՝
Ծայրահե՛ղ այնքան,
Որ սարսափահար վխկաց մի շնիկ
Եվ տեղն ու տեղը սարսափած լռեց:
Հետո՛, շա՜տ հետո,
Ինչ-որ մի որսորդ կրակեց հանկարծ,
Ու ներքև ընկավ… մի ձայն թռչնային՝
Չձայնագրվող ճնգոցով մի կարճ…
Բաց լուսամուտից ես նայում եմ դուրս:
Հետո՛, շա՜տ հետո,
Նայում եմ նաև բաց լուսամուտին.
Կարծես թե ներկը այս լուսամուտի,
Լուռ լաց է եղել ինչ-որ ժամանակ,
Եվ արցունքներն են կարծրացել հետո,
Հետո՞, թե գուցե տեղն ու տեղը հենց…
Խնձորի այգին այգի չէ կարծես,
Այլ… մի բացօթյա դիահերձարան.
Մահի պես ճերմակ սավանների տակ
Ծառերն են իրենց դողը փաթաթում…
Խեղճ պատշգամբը ողջունում է ինձ,
Եվ տեղն ու տեղն էլ հրաժեշտ տալիս.
Ես ներս եմ մտնում,
Եվ իմ ետևից դուռը փակելով՝
Հենց տեղն ու տեղը մկրատում-գցում
Սուրսայր-սրակող ցրտի մի պատառ,
Որ իմ սենյակի սուտ ամառվա մեջ
Իրեն զգում է մի վտարանդի
Կամ խեղճ ու կրակ մի աքսորական
Եվ տեղն ու տեղը մեռնում է իսկույն…
Ա՛խ, ո՜ւր էր հիմա չար արեգակը հանկարծ բարկանա՜ր,
Ելման գետերին վերստի՛ն գցեր զառանցանքի մեջ,
Այս հերձարանը կրկի՛ն դարձըներ խնձորի այգի,
Այս սուտ ամռանը ստիպեր գործել ինքնասպանությո՛ւն,
Այս խեղճ անտառը դարձներ կրկի՛ն յուղաներկ կտավ,
Այս լուսամուտի ներկին ստիպեր նորի՛ց արտասվել,
Ինձ էլ ստիպեր, որ այս ամենը լքեի՜ մեկից,
Եվ մինչև անգամ թե չպատահեր ավտոմեքենա՝
Կիլոմետրերը կուլ տայի ոտքով
Ու… հասնեի քե՜զ:
Իսկ եթե հանկարծ դու զարմանայիր
Իմ անակնկալ-անսպասելի այս այցի վրա՝
Վիրավորանքըս
Հենց տե՜ղն ու տե՛ղը մեզ կբաժաներ…
18.III.1964թ. Դիլիջան
-
Կորչի հինգշաբթին
- Քեզանից հեռու
Ես ապրում էի
Կարծես թե ինքս էլ ինձանից հեռու:
Ինձանից հեռու
Դու ապրում էիր…
Դու չէի՞ր ապրում բուսական կյանքով:
Իսկ հիմա,
Երբ մենք մեկտեղ ենք արդեն,
Կարծես թե նորից շերտ-շերտ միացանք,
Որ ամբողջանանք՝ նարնջի նման՝ մի կեղևի մեջ
Եվ հյութավորվենք՝
Հողի ավշային չորս բաժնին խառնած
Չորս բաժին ավյուն արեգակնային,
Ու երջանկորեն՝
Նո՛ր կերպ ու նորե՛ն՝
Բարբառենք անխոս.
«Այս է մեր մարմինն, առե՛ք ու կերե՜ք»…
Ինձանից հեռու
Դու նման չէի՞ր…
Ես նման էի կարծես ա՛յն մարդուն,
Որ սքանչելի ձեռագիր ունի,
Բայց… գրագետ չէ կատարելապես:
Իսկ հիմա,
Երբ մենք մեկտեղ ենք կրկին,
Նո՛ւյն կյանքը հիմա
Իր սքանչելի նո՛ւյն ձեռագըրով
Գրագիտության դասեր է տալիս
Թե՛ շնորհալի վազերին այգու,
Թե՛ տաղանդավոր գետերին բոլոր,
Թե՛ հայտնի ոխից գազազողներին,
Թե՛ թաքուն սիրուց կակազողներին,
Եվ թե՛ աշխարհիս պետերին բոլոր,
Որ վերջիններիս մատերից բոլոր,
Մա՛նավանդ… ահեղ ցուցամատերից
Մա՜հը չկաթի,
Այլ կյա՛նքը ծորա
Թշվառ ու փոքրիկ այս երկրի վրա՝
Հեռվից ետ դարձող
Տիեզերախույզ հրթիռների պես…
Տեսնո՞ւմ ես
Մի տե՜ս.
Ծաղկած ծիրանին դիմացի բակում
Նշխար է բաշխում քահանայաբար
Ամբողջ շրջանով իր մեծ շուրջառի,
Իսկ մեղուները
(Այդ նշխարները ծծելուց արբա՞ծ,
Թե՞ գուցե դրդված ուրիշ պատճառից)
Ցույցեր են անում փեթակի առջև,
Ինչպես որ մարդիկ
Շենքերի առջև պառլամենտների…
Ով ի՜նչ ուզում է՝ թո՛ղ այդ էլ անի:
Իսկ ես ուզում եմ… իսկ դու չե՞ս ուզում,
Որ գեթ ա՛յս անգամ,
Գոնե ա՛յս անգամ…
Հեռավորությունն ինձ ու քեզ երբեք
Չկիսի՜ այնպես,
Ինչպես… հինգշաբթին շաբաթն է կիսում:
Կորչի՜ հինգշաբթին…
18.III.1964թ. Դիլիջան
-
Բողոքարկման հույսը
- Վախենում եմ վաղ գարունից, որովհետև, ճիշտն ասած,
Վախենում եմ, որ չբացվի՛, այլ… տրաքի՜ սիրտըս գոց…
Վախենում եմ սիրահարվեմ վերջին անգամ՝ մահացու,
Եվ առաջին անգամ մերժվեմ իմ այդ վերջին սիրածից…
Վախենում եմ, որ մոռացած նախկին փորձ ու նախկին դաս՝
Տանջանքի մեջ նորից մխվեմ ու դուրս չգամ՝ մեխի պես…
Վախենում եմ…
Բայց գարունն է անվախորե՜ն մոտենում:
Խուժան քամին խելքի գալիս վերջապես
Ու դառնում է լուրջ ու խոհուն սերմնացան.
Սար ու ձորում նա զարթոնք է շաղ տալիս:
Արևն ինքը՝ մեծ մոր նման՝ ձյան վրա
Այստեղ-այնտեղ կարկատաններ է գցում:
Հողն օրեցօր կարծես դառնում է յուղոտ,
Ու գոլորշին գրգռում է ախորժակ
Բողբոջումի՛,
Բեղմնավորմա՛ն
Ու սիրո՜՝
Կենդանո՛ւ մեջ,
Բույս ու ծառի՛
Եվ սրտի՜…
Ելման ջրերն ասես ոչ թե ջուր լինեն,
Այլ գարեջո՛ւր,
Պղպջացո՜ղ գարեջուր:
Եվ արբում է շրջակայքում ամեն ինչ՝
Մարդ ու գազա՛ն,
Բույս ու մրջյո՛ւն,
Սիրտ ու ծե՛րպ:
Եվ արբում են՝
Խմած կամ թե չխմած.
Եվ արբում են միայն տեսքից կամ հոտից:
Եվ արբում են…
Ես կրկնակի՜ եմ արբում.
Նաև քեզնի՛ց՝
Սիրված կամ թե չսիրված,
Նաև քեզնի՜ց՝
Լոկ քո տեսքի՛ց ու հոտի՛ց…
Եվ ո՞ւր կորչեմ գլուխս առած,
Ո՞ւր կորչեմ:
Հիացմունքից ու սարսափից կարկամած,
Կարծես հանկարծ հոդախախտված
Ու ջլատված ակամա՝
Անտարբեր եմ ես ձևանում,
Դեմքըս փոխում դիմակով,
Բայց… շոյելու և շոյվելու մի ցանկություն կատաղի,
Ակնհայտի մի տենչանքի դավադրություն ծպտըված
Իմ աչքերի մատնըչությամբ բացահայտվում ի վերջո
Ու տրվում են դատապարտման…
Դատը պիտի դո՛ւ վարես:
Եվ մի՞թե դու
Մեղմացուցիչ դեպք հանցանաց չես գտնում
Թեկուզ և իմ ա՛յս վախի մեջ խոստովանված կամովին,
Գեթ գարնա՛ն մեջ այս խելքահան,
Այս խելքահան օդի՛ մեջ,
Նաև… քո՛ մեջ՝
Քո պահվածքի՛,
Քո նայվածքի՛,
Հոտի՜ մեջ…
Տե՛ս, հայցում եմ,
Բայց և մի քիչ սպառնում.
Չհասցընե՜ս բողոքարկման, դատավո՛ր…
18.III.1964թ. Դիլիջան
-
Անքնության դեղատոմս
- Ոչի՛նչ այնպես ինձ չի հուզում,
Ինչպես մի հարց միամիտ.
Խավարն ինչո՞վ մաշեցնել,
Գիշերն ինչպե՞ս լուսացնել,
Եթե սրտիդ ճմլումն էլի
Թույլ չի տալիս մտնել քուն…
Տե՛ս, ջղային այս անտառը
Հանգստացավ ինքն իրեն՝
Իր հերթական նոպան ապրած՝
Տառապած ու պարտասուն:
Իսկ ջրերը
Հար տանջվելով անքնության բիրտ ձեռքից,
Բարձունքներից ցած են նետվում՝
Ինքնասպանի մոլուցքով,
Բայց, կատվի պես,
Միշտ ընկնում են իրենց ճկուն թաթերին
Եվ, մի վայրկյան շնչակտուր, մլավում են քիչ հետո
Ու լռության մեջքի վրա նո՛ր ու նորից փակցընում
Իրենց տենդոտ զառանցանքը՝
Խռովության կոչի պես…
Իսկ ես՝ ներկա, մինչ հայացքըս՝ բացակա,
Օտարվում եմ ինքըս ինձնից,
Ինքըս ինձ չե՜մ ճանաչում:
Ջլախտավոր ինչ-որ խոհեր,
Ինչ-որ մտքեր ընկնավոր
Թպրտում են, ընկնում-ելնում՝
Կարծես ո՛չ թե գլխիս մեջ,
Այլ… հեռավոր Լուսնի վրա կամ Մարսի…
Մեռելներն են ինձ այցելում՝
Կերպարանքով երազի,
Ու չեն թողնում, որ զրուցենք երկուստեք.
Իրենք իրենց մենախոսում են անձայն,
Ապա թողնում-հեռանում են,
Որ ես լսեմ քիչ հետո,
Թե ինչպես է երկախոսում ճեպընթացը բքի հետ,
Թե ինչպես են երկախոսում խոհուն ծերպն ու սուր քամին,
Թե ինչպես են ջղաձգվում ա՛յն գետերը հորդաջուր,
Որոնց երբեք ես չեմ տեսել,
Ո՛չ, տեսել եմ… քարտեզին…
Հետո ինչ-որ արվարձաններ,
Ասես տված իրար խոսք,
Արշավում են,
Որ կենտրոնի տեղը իրենք գրավեն,
Դրանով էլ հենց, իբըր թե, արագացնեն ապագան…
Իսկ նույն պահին
Ինչ-որ ձայներ իմ կենտրոնում սեփական
Ընդդիմախոս այլ ձայների հայրն ու մայրն են անիծում…
Հետո ինչ-որ անո՜ւշ մի ձայն, անվստա՛հ ու տխրագի՛ն,
Հայցելու պես պահանջում է, որ փորձ անենք չսիրել,
Այլ միշտ մնանք բարեկամներ մերձավոր…
Հետո՛… Հետո՛…
Կարծես թե ես պառկած եմ հենց ի՛նձ վրա
Եվ ինձ վրա ի՛նքըս պառկած,
Ինձ ճմլելով-ճզմելով՝
Հանգստանալ եմ ուզում…
Պարզ չէ՞,
Որ ինձ էլ չի հուզում այն հին հարցը միամիտ,
Թե գիշերը ինչպե՞ս պիտի լուսացնեմ,
Թե խավարը ինչո՞վ պիտի մաշեցնեմ,
Երբ աչքերիս չի մոտենում քունն անգութ,
Պարզ չէ՞ արդյոք.
Ինքըս պիտի, այսպե՛ս, պառկե՜մ ինձ վրա
Եվ ինձ վրա ի՛նքըս պառկած,
Ի՛նձ ճմլելով-ճզմելով՝
Հանգստանամ փառավո՜ր ու փառահե՜ղ…
17.III.1964թ. Դիլիջան
-
-
Комментариев нет:
Отправить комментарий