-
Ամպոտ եղանակ
- Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի…
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…
Իսկ դրսում ցուրտ է,
Դրսում` ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՛յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշտրուքը անօգ ծառերի`
Շնչառությա՛ն պես,
Հևոցի՜ նման`
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՛ նման:
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…
Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխս եմ հանում ես` լոտոսի պես.
Մինչև կզակըս արդեն ջրասույզ`
Չեմ խեղդվում դարձյալ:
Իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում-դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում`
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես,
Ու թուրքի՜ նման:
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…
Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաև իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրևով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը` արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ`
Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման,
Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն
Ու մորեխի պես միևնույն թուրքի՛:
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…
Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ո՛չ հալած խելքի,
Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված`
Արդեն ավերվա՛ծ,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին`
Նո՛ւյն Չինգիզ խանը,
Նո՛ւյն Լենկ Թեմուրը,
Միևնույն թո՜ւրքը:
Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի…
08,19.XII.1962թ. Երևան
-
Աշխարհին մաքրություն է պետք
- Աշխարհին, այո՛, մաքրությո՜ւն է պետք`
Ա՛յն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են… անգործությունից…
Նաև ա՛յն կանանց, որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մե՛կ տղամարդու…
Եվ կերպարանքով ա՛յն տղամարդկանց,
Որոնք քայլում են գլխահակ թեպետ
Ու միայն իրենց ոտքի տակ նայում,
Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,
Իրենց լքելով`
Թռչում է վերև,
Իսկ երբ հոգնում է` գալիս, ճայի պես,
Թառում է մարդու ախտի և բախտի
Համաշխարհային օվկիանի վրա…
Մաքրություն է պետք` ժպիտի՛ ձևով,
Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,
Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:
Մաքրություն է պետք` ծիծաղի՜ձևով,
Որ ժայթքի մեր շուրջ,
Մեզ չհարցնելով`
Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա
Առանց օճառի և առանց ջրի…
Մաքրություն է պետք` տեսքով մեխակի՛,
Որ հողը մեխի հողին` իրենով,
Եվ իր բուրմունքով սոսնձի նաև
Օդը հողի հետ ու մեզ էլ` նրանց…
Մաքրություն է պետք` տեսքով սոխակի՛,
Որ միայն իրե՜ն,
Լո՛կ իրեն ծանոթ մի այբուբենով
Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք
Եվ պատասխաններ թերևս ստանա,
Մեզ համար անհա՛յտ, լո՜ւրջ պատասխաններ…
Մաքրություն է պետք
Եվ կերպարանքով, տե՜ս, ա՛յն թռչունի,
Գլխարկը կարմիր – ինքը սև համակ
Հենց ա՛յն թռչունի,
Որ իր կտուցը երկինք է ցցել
Եվ աղոթում է
Անփարախ-անհոտ կարդինալի պես
Ո՛չ թե մեր հոգու,
Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար…
Մաքրությո՜ւն է պետք…
Մաքրություն է պե՛տք,
Որ քարերն անգամ
Ներքնապես զգան
Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,
Որ արտաշնչեն բույսերն էլ… արև՜
Եվ ո՛չ թե միայն անտես թթվածին,
Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես,
Ինչպես մեղեդին` վսեմ տաճարում,
Գույնը` հանճարեղ կտավի վրա,
Եվ խաղալիքը` մանկան ձեռներին…
Աշխարհին… մանկա՜ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա՛յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի… անմաքուրները,
Մինչիսկ նրա՛նք` անմաքուրնե՜րը,
Քանզի… աշխարհին մաքրությո՜ւն է պետք…
27,31.X.1965թ. Չանախչի
-
Խարույկ սառույցի վրա
- Թողե՛ք,
Որ ձեզ էլ մասնակից դարձնեմ
Անմեկին հույսի ձեր չհամտեսած անուշությանը:
Եվ ճաշակեցեք ու թաթախվեցեք
Հավատացյալի երեխայական միամտությամբ,
Որովհետև մեր հարստությունը վշտե՛րը չեն լոկ,
Ու միայն տանջանք-տվայտա՛նքը չէ մեր պահուստը փակ.
Եվ որովհետև մտահոգությունն այլ բան չէ,
Քան թե ելքի փնտրտուք.
Եվ որովհետև կյանքն – ի՜նչ էլի լինի – ընդլայնում է մեզ,
Ինչպես լեռների կատարներն են միշտ հեռացնում կրկին
Ա՛յն հորիզոնը,
Որ փակ է թվում լեռան ոտքի տակ.
Եվ որովհետև ես սիրում եմ ձեզ,
Բոլորի՜դ սիրում,
Ու բոլորիցըդ ոմանք` նաև ի՛նձ…
Ուրեմըն թողե՛ք,
Թողե՛ք,
Որ ձեզ էլ դարձնեմ մասնակից
Ա՛յն նախածանոթ հույսի համտեսված անուշությանը,
Որ մեր երեկվա
Ու մեր այսօրվա անուժությանը
Ասում է. «Կա՛նգ առ»`
Ավշավորելով ո՜վ գիտի ի՛նչով,
Ու մեր մարմնական անարմատ ծառի
Անհասկանալի աշխատանքը մութ
Տալիս է իր պարզ պտուղը`
Ծիծա՛ղ,
Ժպի՛տ,
Գոհությո՛ւն
Եվ «փա՜ռք աստըծու» գոչելու կարիք…
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր աչքերը
Լոկ թխսավայր չեն բու-ագռավների,
Այլ նաև փեթակ` լցված շողերով,
Եվ ականջները`
Մարդաձև ծառի մեր փչակը զույգ,
Դամբարաններ չեն լոկ սրտնեղության,
Այլ նաև խոր բույն`
Լի՛ ամեն տեսակ տաք ձայնեղությամբ:
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՛ս,
Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում:
Եվ փա՜ռք աստըծու,
Որ աղմուկների հասունացումից
Թագադրվում է ո՛չ թե գիշերը,
Այլ օ՜րն է ծնվում:
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր հոգու մեջ
Եթե կա ամիս տերևաթափի,
Ապա կան օրեր և աստղաթափի՛,
Եվ աստղաթափի՜…
Հազա՜ր բերան փառք:
28-29.X.1965թ. Չանախչի
-
Աշխարհի հին սպիները
- Ա՜խ, այս աշխարհի հին սպիները…
Մեր նույնիսկ առո՛ղջ մսերի մեջ էլ նրանք են նվում
Եվ տառապանքով հարստացնում են մեզ ու մեր կյանքը,
Որ անհամեմատ աղքատ կլիներ,
Եթե ամենքըս լինեինք առողջ,
Ինչպես արջառը
Կամ անանուխը:
Էլ ինչո՞ւ եք դուք, սիրելինե՛րըս, այսպես վախենում
Հին սպիների կազդուրիչ ցավից:
Եվ այդ ո՞ւմ է պետք
Պատգամախոսի մեր ծիծաղելի վստահությունը,
Եթե օրենսդիրն այն ցավն է միայն,
Որի ծնունդն ենք:
Ու կնճիռների վայրիվերումը
Բնավ էլ պա՜ր չէ,
Այլ մի այնպիսի՛ արարողություն,
Որով ամեն օր սրբագործվում է ինքը ճակատը:
Ուրեմն էլ ինչո՞ւ, սիրելինե՛րըս, ինչո՞ւ խուսափել
Հին սպիների հարուցած ցավի սրբագործումից:
Եվ ցա՞վն է արդյոք վտանգավորը,
Թե՞ հենց այն դեղը,
Որով ձգտում ենք ցավը դարմանել,-
Այս տափակ հարցին
Ո՞վ պիտի իր սուր պատասխանը տա,
Այդ ո՞ր հիմարը:
Եվ ո՞վ կարող է ցավի հետ վիճել,
Այդ ո՞ր հիմարը
Եթե ցավի հետ վիճելը նույնն է՛,
Ինչ ծովի վեճը աղաջըրի հետ:
Ուրեմն` էլ ինչպե՞ս, սիրելինե՛րըս,
Մենք ինչպե՞ս պոկվենք ինքներս մեզնից
Եվ ինչո՞ւ պոկվենք:
Ուր է որ կրկին կիջնի գիշերը
Եվ մեր վրայով կանցնի ծանրորեն`
Մամլիչի՜ նման,
Եվ մեզ համարյա իրո՛ք կսպանի`
Մի յոթ-ութ ժամով:
Բայց չե՜նք մեռնի մենք.
Մեր ապրած մահը և վերապրումը
Կմամլենք կյանքի երեսի վրա`
Մեր ոտքի՛, ձեռքի՛, մտքի՛ հետքերով
Եվ ցավի՜… երբե՛ք չբարեփոխվող ուղղագըրությամբ,
Որ մանուկ օրը, աշակերտի պես,
Սկսի հեգել գրերը կյանքի`
Մեր ոտքի՛, ձեռքի՛, մտքի՛ հետքերը
Ցավի չփոխվո՜ղ ուղղագըրությամբ,-
Մի հի՜ն դասագիրք, սիրելինե՛րըս,
Որ ինչո՞ւ վառենք` քարածըխի տեղ…
Ուրեմն ի՞նչ անենք, սիրելինե՜րըս:
Այսուհետև էլ գոհությա՜մբ կրենք
Եվ դեռ ավելի՛ն`
Հռչակենք օրե՜նք
Մեր ցա՛վը`
Լա՜վը…
04.XII.1964թ 09.XI.1965թ. Երևան Չանախչի
-
Ճակատամարտ պատի տա
- Ես բարությա՛ն պապակից եմ մխում հիմա…
Ու վերստին կանգնած եմ ես ինքս իմ դիմաց
Ինքնադժգո՜հ,
Ինքնապարսա՜վ
Ու խռովո՛ւն:
(Բարությունն այս ինձ խեղդում է կամա՜ց-կամա՜ց)…
Կեղծի՛ք ու տե՜ր,
Ճի՛շտ ու ծառա՜,-
Դուք չե՞ք հոգնել այս խոսքերից գոռ ու գոռան,
Որ չեն մեխվում` ազգանվան պես` ամեն դռան,
Բայց դարձել են ճակատագիր
Ա՛յն համազանգ-համաճակատ մոլորակին,
Որ զզվել է այս խոսքերի արձագանքից`
Սրտախառնուք զգալո՜ւ չափ,
Եվ դրանից է պտտվում`
Այդ զզվանքի՛ց:
Պտտվում է ու պտտվո՜ւմ:
Դե եկ ու մի՛ խղճա նրան…
(Բարությունն այս ճզմում է ինձ, ճխլում է ինձ
Իր կանացի գաղջ գրկի մեջ ու շոգ բռան)…
Ես նախկինն եմ, բա՛ն չի փոխվել.
Առաջվա պես ուժն եմ սիրում,
Նախ և առաջ` ո՛ւժը,
Հետո` ո՜ւժը կրկին,
Բայց այս անգամ արդեն ո՛չ ձեր հասկացածը.
Կարեկցանքի՛
Եվ բարությա՜ն ուժն ահարկու,
Որ զորեղ է, ինչպես… հացը,
Հզոր, ինչպես… մանկան լացը,-
Կարեկցանքի՜
Եվ բարությա՜ն ուժն ահարկու:
(Եվ հաղթում է նա ինձ հիմա`
Հայրենիքի՜ կանչի նման)…
Համարյա թե պարտված արդեն`
Ես թիկնել եմ ահա քարին,
Եվ իրար հետ ջերմություն ենք փոխանակում
Ես ու քարը`
Անգամ առանց սակարկության,
Ու մինչև իսկ չնայելով
Դարձյա՛լ նայում մեր դեմ փռված-ծռված գետին,
Որ շարունակ
Իր ափերի կա-չկան է գույքագրում,
Որպես անխիղճ և անհոգի մի հարկահան:
(Բարությունն ինձ գերի տանում հարկի դիմաց
Ու կես գնով վաճառքի է հանում հիմա)…
Ինչքա՜ն կուզեն
Այս գետի պես թո՛ղ ինձ անվերջ գույքագըրեն.
Իմ կա-չկան այս է որ կա`
Այս ահարկու բարությո՜ւնը,
Իմ թշնամի՛ն,
Ոխերի՛մը,
Որ ուզում է խեղճիս խեղդել
Ցավով թաքուն, բաց պայքարով,
Բայց… չի՜ կարող,
Որովհետև գետն ինչքան էլ ահեղ լինի`
Ափերն էլի շա՜տ ավելի զորավոր են,
Ինչպես որ կյանքն է զորավոր բարությունից:
(Բարությունըս, վերջ ի վերջո, ես կխեղդե՜մ,
Թե չարացնող կյա՛նքն էլ չօգնի`
Խեղդվելիս… մե՜ջըս կխեղդեմ)…
29.X.1965թ. Չանախչի
-
Վառեցեք լույսերը
- Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:
Մենք ուզում ենք
Սին երազի երկար կապը քաշե՜լ-քաշե՜լ
(Ինչպես երկար թել ունեցող փուչիկների
Թելն են քաշում մանուկները),
Սին երազի կապը քաշե՜լ
Ու ձգելով բերել նրան
Նստեցընել մեր ծնկներին`
Սեր խաղացող աղջկա պես,
Եվ նայելով
Նրա լպիրշ ու խլրտուն աչքերի մեջ`
Համբերահատ և բարկացած արուի պես նրան բիբել.
-Խո՛սքդ ասա. այո՛ կամ ո՛չ…
Որովհետև չունենք այսքան հանդգնություն,
Որովհետև համբերահատ ու բարկացած արուներ չենք.
Որովհետև սեր խաղացող աղջըկան մենք
Չե՜նք զորելու նստեցընել մեր ծնկներին.
Որովհետև երկար թելով փուչիկ ունեն
Մանուկնե՜րը, բայց ո՛չ թե մենք.
Որովհետև երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում,
-Շո՜ւտ, վառեցե՛ք լույսերն ամեն…
03.XI.1963թ. Երևան
-
Լուսավորության չգիտեմ ինչը
- Շա՜տ սպասելով,
Զո՜ւր սպասելով հարմար պաշտոնի`
Ես ինքս եմ ահա ինձ նշանակում
Լուսավորության նախարա՞ր ասեմ,
Թե՞ կատարածու լուսավորության,
Այսնինքըն` լույսի,
Լամպերի,
Ջահի,
Որպեսզի… նույնիսկ կույր քարանձավի
Խուլ մթությունը դահլիճ դարձընեմ
Կա՛մ համերգային,
Կա՛մ հարսանեկան…
Սեղմե՜մ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…
Հո՜ւպ տամ մի կոճակ`
Եվ ստվերները
Դառնան ցայտաղբյուր ճառագայթների…
Աջ կամ ձախ պտտե՜մ մի երրորդ կոճակ`
Եվ մութը իսկույն
Հին չարքի նման
Չքվի-չքանա,
Ու թե մութ մնա,
Մնա ի՛մ կամքով,
Ու մնա միայն իբրև վարագույր
Համբույրի համար սիրահարների,
Իբրև ծածկատեղ փակ կրծքի բացման
Եվ իբրև պայման մանկահղացման…
Ու եթե լինի՜,
Հենց այսպե՛ս լինի,
Իզուր չե՛մ գոչի ես «Եղիցի լո՜ւյս»,
Այլ կշշնջամ արդեն. «Եվ եղև՛»:
Եվ լինի՜,
Լինի՜…
15.II.1962թ. Երևան
-
Լույսի աղբյուրը
- Եթե մթության խտացումից է միշտ լույսը ծնվում,
Մի՞թե մենք կյանքում քիչ մութ ենք ծամել` հացի փոխարեն,
Եվ մի՞թե քիչ ենք քնել մեր քունը մղձավանջային`
Մեզ, վերմակի տեղ, ծածկելով մթան մազեղեն քուրձով…
Մութը` անասեղ` կարկատանել է մեր աչքե՜րն անգամ,
Իր գույնն է խառնել և մեր արյա՛նը,
Կարմի՜ր արյանը,
Որ չորանալիս սևանում է միշտ,
Եվ չոր արյամբ էլ սևն է շատանում,
Այսինքն` մութը…
Անգամ ամեն ծառ,
Ամեն թուփ ու խոտ
Կարծես ճոճվում է, որ ավլի մութը:
Բայց ճոճմամբ իրենց ո՛չ թե ավելում,
Այլ հավելում են նրանք նույն մութը`
Իրենց ստվերո՜վ…
Կույր ծնվածները բարի են անչափ:
Կարող է կարծել միայն մարդը չար,
Թե կույրերն անվերջ աղոթք են անում,
Որ ընդարձակվի կայսրությունն իրենց,
Ու թագադըրվի մո՜ւթը,
Այդ մո՛ւթը`
Իրականների մեջ իրականը,
Տիրակալների մեծ տիրակալը…
Եվ իսկապես էլ` մեր թիկունքն է մութ.
Անցյալը գիտենք գրքերով միայն:
Գուցե առավել մեր ճակատն է մութ.
Գրքերն են ճառում գալիքի՛ց նաև:
Մո՜ւթը առջևից – մո՜ւթը ետևից,
Մենք` երկու մթան նեղլիկ արանքում,-
Էլ ի՜նչ է մնում, որ էլ ի՞նչ անենք:
Պիտի սեղմըվենք աջ ու ձախ թևից,
Սեղմըվե՛նք անվերջ-անվերջ խտանա՛նք,
Բայց… չբթանանք այնքան, որ կարծենք,
Որ եթե մթան խտացումից է միշտ լույսը ծնվում,
Ապա կծնվի ինքնաբերաբար`
Ինչպես Հիսուսը Միածին Կույսից,
Մինչև իսկ առանց… «Եղիցի լույս»-ի…
09.XI.1965թ. 19.III.1967թ. Չանախչի, Արզնի
-
Ձայնիվ երկրորդ առ Տեր կարդամ
- Թողություն տուր, Տե՛ր, ծանըր Խավարին,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Թող ծառե՛րն անգամ (առանց և քամու)
Հարգանքով Նրա առջև կեռանան,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Մենք պահանջ չունենք,
Մենք գոհ ենք նույնիսկ,
Միայն թե թող Նա թողնի հեռանա:
Մենք խոստանում ենք,
Եվ մենք իսկապե՛ս
Նրան չե՜նք կարող ու չե՛նք մոռանա,
Միայն թե թող Նա թողնի հեռանա…
Իսկ թե հա՛րկ լինի, նամանավանդ պետք,
Ես Խավարի հետ կմեկնեմ Ինքըս`
Դառնալով Նրա թագավորության
Հին Հպատակն ու նոր Քաղաքացին`
Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
Միայն թե մեր այդ մեկնումից հետո
Ժամանի ինքը Արշալո՜ւյսը,
Գա՛,
Ու եթե մի քիչ տխրի, որ չկամ,
Բայց մի քիչ հետո
Եվ ուրախանա՜, որ իմ կորստով
Կորել է նաև ինքը Խավարը…
Արշալո՞ւյսը գա,
Եվ իր կտրված պորտից պոկվելով`
Նորածին օրը ալ-կարմիր շնչի
Եվ ինքն էլ զգա,
Որ իր այդ շնչով խոնավ ու տաքուկ
Այնպե՜ս է լցվում աշխարհը կրկին,
Ինչպես տկճորը արնագույն գինով,
Եվ այդ լցումի թրթիռը հսկա
Մանրիկ անցնում է մեր իսկ ներքինով`
Իբրև մի սարսուռ,
Որ մեզ կապում է անտես կապերով
Աստվածների հետ,
Դարձնում նրանց հետ մեզ հարաբերող,
Բայց և առնչում մեզ օվկիաններին,
Որոնց անվախճան ու տարուբերող
Մակընթացություն-տեղատըվությունն
Այլ բան չէ արդեն,
Քան թե աննշան մեր զարկերակի
Նշանակալից արձագանքը մեծ
Մեզնից սկսվող տարածության մեջ…
17.III.1967թ. Արզնի
-
Լույս զվարթ
- Լո՜ւյս, լո՜ւյս զվարթ…
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
Այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի…
… Ծնրադրյալ Բնությունն է ելնում ոտի.
Գիշերային ժամերգությունն է վերջանում:
Եվ Լուսաբացն է մոտենում դանդաղորեն,
Իբրև հսկիչ մի Լուսարար`
Մարելով ու հանգցընելով
Ամեն տեսակ լապտեր ու լամպ:
Եվ արեգակն է բարձրանում
Քրմապետի վսեմությամբ:
Եվ ծույլ փռված ստվերները մարմնամսեղ
Սկսում են կարծես իրենք իրենց մարսել`
Մսաթափվում-նիհարում են,
Հետզհետե դառնալով ձիգ
Ու սլացիկ`
Պարուհու պես մի թխամորթ:
Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,
Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է
Ինքը Արդար Արեգակը,
Եվ հնչում է ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՛ւյս զվարթ»…
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Լույս զվա՜րթ ու գերազանցի՜կ,
Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն:
Դու` առաքյալ ամենօրյա,
Որ բերում է միայն հավատ,
Բայց ի դերև հանում-վանում
Եվ քողածածկ-ծպտյալ հույսեր:
Դու` սուրհանդակ, բայց և կավատ,
Դու` հետախույզ, բայց և մատնիչ,
Բայց ամենից առաջ` միշտ սե՜ր
Եվ ամենից հետո` միշտ սե՜ր…
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Անձրևի պես
Տեղա այնպե՛ս,
Որ աշխարհում
Լոկ մի՛-միա՜կ ստվեր մնա,
Այն էլ միայն երկնի՛ վրա`
Լոկ անձրևի՛ ստվերը կոր`
Ծիածա՜նը…
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Այնպե՛ս գործիր,
Որ նկարիչ քո մատներով
Վառեկներն իսկ, գունազարդված,
Դառնան կարծես աքաղաղներ
Ու վերերգեն յուրատեսակ` ծուղրուղուով`
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ,
Շաղվի՛ր,
Մաղվի՛ր,
Թաղվիր այնպե՛ս և այնքան խո՛ր,
Որ մենք չապրենք` ինչպես ձուկը
Իր մշտամութ-անլուսամուտ պետության մեջ,
Որ քո հմուտ-ամենամուտ շողերի տակ
Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ-հստակ,
Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից
Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի,
Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…
19.III.1967թ. Արզնի
-
Առավոտ լուսո
- Առավոտ լուսո՜,
Առավոտ մի ջի՜նջ,
Ջի՜նջ, ինչպես… ոչի՛նչ,
Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:
Ու ես անհապաղ
Անջատում եմ ինձ
Աշխարհից ծանոթ
Ու պարպում եմ ինձ,
Դարձնում մի անոթ,
Որ լոկ դատարկ չէ,
Այլ նաև անօդ:
Եվ… նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝
Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ,
Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,
Որպեսզի նախ ե՛ս
Եվ հենց ի՛նձ վրա
Բժշկի նման փորձարկեմ կարգին,
Ու եթե լինի այս անգամ սարքին՝
Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,
Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:
Ես՝ պատրանազերծ,
Բայց և հուսազեն,
Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում
Էլ չե՜մ զբաղվում ու չե՛մ զբաղվի
Չեղածի վրա եղածի թերին իզո՜ւր քննելով,
Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,
Կեղծված դրամով կեղծ բան գնելով,
Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն
Մահանալու պես անվերջ քնելով:
Ես՝ զարթնած արդեն,
Բայց դեռ անլվա,
Հեղուկով մի կուց,
Որ պարգևում է ձնհալն անխուսափ,
Նախ զովացնում եմ դեմքն իմ՝ հիվանդի՛,
Իսկ հետո՝ ամե՜ն տեսակ հիվանդի`
Մա՞րդ լինի, երկի՞ր, թե՞ հավատ,- մե՜կ է:
Զովացնում նրանց ամենքի դեմքը՝
Իմ ամենաբուժ մատների հետքը
Անջինջ թողնելով սրա ու նրա
Դեռ գոց կոպերի,
Դեռ փակ շուրթերի,
Տակավին քնկոտ երեսի վրա:
Ու բոլորի՛դ մեջ,
Անխտիր բոլո՜ր-բոլո՜ր-բոլորի՜դ,
Ինչ-որ սիրելի մի բան եմ գտնում,
Սիրելու ինչ-որ արժանի մի բան,
Որ հավանաբար
Ա՛յն ժամանակ է ստեղծվել արդեն,
Երբ հին չորս ոտքից երկուսը
Անդարձ
Մենք կորցըրեցինք…
Եվ վեհ բարձունքից աններողության
Ես, քարի նման, վար եմ թավալվում՝
Հասնելով փափուկ ա՛յն ստորոտին,
Որից քիչ անդին
Ճահիճն է ապրում
Իր հավերժական ինքնածին կյանքով,
Եվ, քարի լեզվով, ասում եմ. «Այբ, Բեն»,
Այսինքն՝ «Արեգակ»,
Կամ՝ «Եղիցի լույս»…
16.III.1967թ. Արզնի
-
Նորօրյա աղոթք
- Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:
Եթե աստված եք՝
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս:
Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է:
Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ,
Որ… զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքո՜ւր-վսե՜մը,
Անկեղ՜ծ-անսո՜ւտը:
Ու թե աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների,
Որով խաբում են ո՛չ իրենց,
Այլ ձե՛զ:
Եվ – բավակա՜ն է – հասկացե՛ք ընդմիշտ,
Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՛տ,
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
Մանո՛ւկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
Ու եթե հայր եք՝
Մի՛ թողեք,
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի…
09.XI.1965թ. Չանախչի
-
Սերը՝ հանելուկ
- Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մենք մեր գլխով
Կարծես դիպչում ենք արևի գլխին
Ու մեր ոտքերի տեղն ենք մոռանում,
Քանի որ սրանք
Խրված են լինում
Օվկիանի խորունկ հատակում կարծես…
Ե՞րբ և ինչպե՞ս է,
Որ մեր աչքերը
Խոշորանալով ու լայնանալով
Բռնում են կարծես ամբողջ դեմքը մեր,
Ու մոռանում ենք տեղը մեր սրտի,
Որ տրոփում է արդեն… ամենո՜ւր՝
Մեր կրծքի նաև ա՛ջ կողմում,
Նաև
Մեր ծնկների՛ մեջ,
Մեր կրունկների
Ու մինչև անգամ… ատամների՛ տակ…
Եվ տնավորված մեր սիրտը
Դարձյա՜լ
Տնավեր դարձած
Ու թափառական դարձած վերստին,
Ճամփա է ընկնում
Մաշված հետքերով անքուն կարոտի՝
Ինքն իրեն նորից դառնալու հույսով…
Վերջապես, ասա՛, ե՞րբ և ինչո՞վ է,
Որ ցավի հումը
Եփվել-եռալով դառնում է տանջանք…
Եվ մի այնպիսի՜-այնպիսի՜ տանջանք,
Որ մեզ դարձնում է… կենտրոն աշխարհի:
13.III.1967թ. Արզնի
-
Հանելուկ երկրորդ
- -Այդ ո՞ր կենդանին է, որ չգիտի լողալ,
Իսկ թե փորձեց՝
Սուզվում-խեղդըվում է:
Շա՜տ-շատերը իրենց չարչարեցին
Իզո՛ւր,
Մտածեցի՜ն երկար, միտք արեցին
Իզո՛ւր,
Մեծը փոքրին նայեց,
Սա՝ տարեցին
Իզո՜ւր,
Մինչև որ պատահած կենդանաբանն ասաց.
-Այդ կենդանին ուղտն է:
Իսկ ես գոռացի.
-Ո՜չ,
Այդ կենդանին… ե՛ս եմ,
Որ չգիտեմ կյանքի սահանքներում լողալ,
Հետն էլ նաև… սողալ…
02.III.1967թ. Արզնի
-
Հանելուկ առաջին
- -Իսկ այդ ի՞նչն է,
Որ երբ հասավ՝
Փախցընում է մեր քունն աչքից:
Պապիկն իսկույն հազն իր հազաց
Ու երբ պրծավ բարեհաջող,
Իսկույն ասաց.
-Ծերությո՛ւնը:
Պատերազմի երես տեսած
Հայրիկն ասաց.
-Գերությո՛ւնը:
Մայրիկն ասաց.
-Մերությո՛ւնը:
Ու կրկնեց.
-Մերությո՜ւնը:
Փոքրիկ տղան
Փոքրիկ ափը զարկեց ափին
Ու ձայնիկն իր միացնելով
Զնգուն ծափին՝
Չասա՜ց… գոռա՛ց.
-Ձմեռ Պապի՜ն:
Իսկ աղջիկը արբունքահաս՝
Վառված ձեռով
Հարդարելով իր վարսերը՝
Ոչի՛նչ չասաց.
Բայց մտածեց.
-Պա՞րզ չէ, սե՜րը…
01.III.1967թ. Արզնի
-
Երկկենցաղ կենցաղ
- Մարիա՛մ, Մարիա՜մ,
Դու պարտ էիր ու պարտավոր
Աշխարհ բերել մի… թո՛ւխ տղա,
Բայց ծնեցիր մի… շե՜կ աղջիկ:
Եվ լինո՞ւմ է արդյոք այսպես:
Հավանաբար լինում է, որ եղավ:
Եղա՞վ.
Դու՝ տակավին ինքըդ աղջիկ,
Ծառզարդարի շվի նման դեռ դալարուկ,
Եվ… աղջըկա մա՞յր ես հիմա,
Այն էլ մի… շե՞կ աղջըկա մայր:
Եվ ո՞ւմ պիտի նա կոչի «հայր».
Ոչ թե Հորը գերհեռավոր,
Այլ ինչ-որ մի… մի Հովսեփի՞…
Ու կան բառեր,
Որ ես հիմա մեջս եմ պահում
Այնպե՛ս,
Կարծես բանտարկյալներ լինեն նրանք:
Իսկ շուրթերի՛ս ,
Փա՜կ շուրթերիս ձորի միջով
Մի ժպիտ է անվերջ սահում,
Մի ժպիտ, որ երկկենցաղ է՝
Ինչպես… աղը.
Դա՛ռն ու քաղցը՜ր,
Կո՛շտ ու լուծվո՜ղ…
Բայց կան բառեր,
Որ կտրում են փշալարեր
Ու փախչելով ազատվում են
Մինչև անգամ արդիակա՛ն ճամբարներից:
Ու դրանցից մի քանիսը
Ահավասիկ
Ինձնից փախչում-հասնում են քեզ,
Որ քեզ ասեն.
-Կյանքի՛ ձեռքով ինձնից խլված
Այլապատկա՜ն բնագավառ դու իմ սիրո,
Այլագըրա՜վ բնակավայր իմ սիրելի,
Այլապատկա՛ն,
Այլագըրա՛վ,
Բայց ի՛մն էլի,-
Բարձըդ բարի՜, իմ սիրասո՛ւն ու սիրելի՛,
Չարչարանքիդ ապաշխարա՜նք:
Եվ փա՜ռք աստծու,
Որ ծնեցիր
Թուխ մանկան տեղ աղջիկ մի շեկ:
Ուրեմն արդեն մի Մարիամ էլ եկավ աշխարհ,
Որ երբ, հետո՜,
Իր մո՛ր նման
Ում հանդիպի և իր սիրով ընդմիշտ թովի՝
Նրա հացը սրբացնելով դարձնի նշխար,
Բայց դրանով
Նաև մատնի հավերժական քաղց ու սովի,-
Նախանձելի՜-անտանելի՜ վիճակ անանց.
Ապրել մի կերպ սուրբ նշխարո՛վ – մեռնել անհա՜ց…
01.III.1967թ. Արզնի
-
Արմատավոր հանելուկ
- Մասրենի՞ն:
-Մասրենին թե՛ թուփ է, թե՛ ծառ է:
Աճում է և՛ անհող, և՛ անջուր,
Բայց միշտ էլ ամուր ու պայծառ է:
Բուսնում է նա ժայռի ականջում,
Բուսնում է քարափի շրթունքին,
Եվ նրա ցավերով երկունքի
Ծնվում է դալարուկ մի տունկի՝
Ոչ պակաս և՛ անհող, և՛ անջուր…
-Մասրենին ո՛չ թուփ է, ո՛չ ծառ է:
Մասրենին… կապիկն է… վարդերի,
Վարդերի այբ-բեն-գիմ հեգելը…
-Մասրենին սեռերի բարդ դերի
Արտիստիկ նմուշն է: Էգերը
Մշտապես կոճկըված-հավաք են,
Մինչդեռ միշտ ճաքում են որձերը,
Եվ նրանց դալարուկ զավակը
Այդպես էլ վարելով գործերը՝
Չի մերժում իր նախնյաց փորձերը.
Նոր էգերն էլի՛ միշտ հավաք են,
Ճաքում են միշտ նորեկ որձերը…
-Մասրենին ո՛չ թուփ է, ո՛չ ծառ է,
Ո՛չ վարդ է:
-Իսկ ինչ է:
-Երևի
Մասրենին… լուսնոտն է… արևի,
Որ քայլում քիվերի վրայով,
Բնական-ժայռեղեն քիվերի,
Ու ներքև չի ընկնում իր վերից…
25.III.1967թ.
-
Օրորոցային
- Գիշերային մութն է հորդում:
Ու թո՛ղ հորդի:
Եվ իր կարգին թո՛ղ ցամաքի ցերեկն այնպես,
Որ կարոտենք լույսին,
Ինչպես
Մեր ա՛յն մոտիկ-հեռավորին՝
Սիրավորի՜ն,
Վիրավորի՜ն,
Ումից ընդմիշտ բաժանում է մեզ Օրենքը՝
Անօրենքը…
Բայց կա նաև օրինավոր մի օրենք էլ,
Որի հլու կատարածուն ենք ամենքըս…
Գիշերային մութը միշտ էլ քուն է բերում:
Եվ ահա ես
-Քնե՜ք,- ձեզ եմ ասում մոր պես,
-Քնե՜նք,- ինձ էլ խառնում եմ ձեզ:
-Քնե՜նք,
Որ զուր չմտածենք ծանր ու բարակ,
Որ մեզանից պոկենք ամեն մի մտորում,
Մեր բարձի տակ ճխլենք ամեն խոկում ու խոհ:
Քնե՛նք, թեպետ ըստ առածի՝
Մեկ է, իբըր, մեռել ու քուն:
Եթե անգամ մեկ է, իբըր, մեռել ու քուն,
Վնաս չկա՜,- հորդորում եմ ես հոր նման,
Հո՜գ չէ, հոգի՛ս, ավելացնում եմ մոր նման,
Ձե՛զ եմ ասում,
Ի՛նձ համոզում,
Որ իսկապես վնաս-ն ինքը կուտի իրեն,
Չկա-ն ինքը կուտի իրեն,
Հոգ-ն էլ՝ հոգ-ին,
Ու կմնա միայն… հոգին:
Այդ պահին էլ մենք… կարթնանանք:
-Քնե՛ք ուրեմն,- ասում եմ ձեզ,-
Որ արթնանաք:
Արթնանալը շատ պետք է ձե՛զ,
Մե՛զ՝
Ամենքի՜ս…
-Քնե՛ք ուրեմն,- ասում եմ ձեզ,-
Քնե՛ք, որ նախ… ե՜ս արթնանամ,
Եվ ձեր վնաս ու մնասի,
Կա-չկայի,
Հոգս ու հոգի
Ու ձեր հոգու մասին հոգա իմ հեգ հոգի՜ն՝
Ձեր ամենքիդ հոգս ու հոգի կատարածո՛ւն…
20.II.1967թ. Արզնի
-
Հայրենիք
- Քեզնով երդվելիս
Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝
Սեղմելո՛ւ նման,
Որ… հանկարծակի չպայթի դողից…
Ինձնով երդվելիս
Ափըս դնում եմ քո մի ափ հողին,
Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց…
Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել,
Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի,
Սուրբ Գիրք… ծամո՜ւմ են… յուղոտ բերանո՜վ՝
Քո լավաշիդ պես,
Նշխարիդ նման…
Եվ աջից նայում՝
Տեսնում եմ հրդեհ,
Ձախից եմ նայում՝
Տեսնում եմ մոխիր:
Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել
Ու դաստիարակել մի ամբողջ նախիր…
Ճակատագըրի բերումով դաժան
Ճակատըդ հիմա՝ փոքրի՜ց էլ փոքրիկ,
Մինչդեռ ճակատիդ գիրը՝ մեծից մե՜ծ:
Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է…
11.XI.1963թ. 22.III.1967թ. Երևան Արզնի
-
Կրկնվող հանելուկ
- Նա եկավ հանկարծ:
Անշո՜ւնչ-անշշո՜ւկ, գողեգո՜ղ եկավ:
Եկավ
Ու մտավ… մազերի՜ս միջով
Ու կրունկների՛ս:
Եկավ
Ու նստեց թիկունքի՛ս վրա
Եվ կրծքի՜ս վրա:
Դիմակի նման հագավ իր դեմքին,
Իրենով և իմ ներսը հագցրեց:
Ու չհասկացա, թե որտեղի՞ց է
Եվ ինչացո՞ւ է…
Չկա ձա՜յն-ծպտո՛ւն,
Շարժո՛ւմ որևէ,
Որևէ պատկե՛ր:
Չկա խո՜րք-հատա՛կ,
Մակերե՛ս չկա,
Եվ ո՛չ էլ միջուկ:
Կա լոկ աններկա մի ներկայություն,
Ինչ-որ անմարմին-անտես մի աստված…
Ու ես ակամա կաշկանդված-ազդված,
Ինչպես անգիտակ սարյակի ձագը օձի հայացքից՝
Ես հանձնվեցի հավիտենության երանությանը…
Ես դարձա համակ մագնիսական դաշտ…
Դարձա հոսանքի մի կարճ հաղորդիչ…
Մեռա կամովի՛ն ու շնորհակա՜լ…
Ու շնորհակա՜լ…
Ու շնորհակա՜լ…
Դա ինչքա՞ն տևեց:
Մի դա՞ր:
Մի վայրկյա՞ն:
Մի ողջ մոլորակ ստեղծվեց մեգից,
Ապա դարձավ մեգ…
Եվ միայն հիմա՝
Այսքանի՜ց հետո,
Ես սկսում եմ կարծես կռահել,
Թե դա ինչի՞ց էր
Ու թե ի՞նչ էր դա:
Դա մեղմությունն էր…
24.XII.1964թ. Երևան
-
Պատրանքի պատրանքը
- Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:
Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:
Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար. իր… Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:
Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է, հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:
Իսկ պատրանքներից և պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է… (բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՜մ ասում):
Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար…
Կորչելը, անշո՛ւշտ, աղետ է ահեղ,
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չեմ ասում),
Որ տարածվում է… խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:
Անգե՛տ տղաներ, մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,
Որտեղ պատրանքն են պատանքում, տղե՛րք,
Պատրա՜նք պատանքում:
Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև… պատա՜նք,
Որ… պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղե՛րք,
Նո՛ր ոգին, նո՜րը…
04.XII.1964թ. 09.XI.1965թ. Երևան Չանախչի
-
Օրհնություն
- Աստվա՜ծ ձեզ հետ…
Իսկ թե իրոք աստված չկա,
Ձեզ հետ լինի թող երկի՛նքը՝
Իր փոփոխման անմեռ ոգով.
Գյուտի երկա՜ր-երկա՜ր ցավը՝
Կարճ բայց կարծըր իր խնդությամբ.
Արդարության կաղ նժույգը՝
Ճշմարտության իր խթանով.
Փոքրիկների պատվերն անմեռ
Ու Մեծերի մեծ ստվերը
Ձեզ հետ լինի…
30.X.1965թ. Չանախչի
-
Մեր թուլությունները
- Մեզանից նրանք,
Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ,
Հաճախ փորձում են,
Գոնե՛ փորձում են
Մի կերպ ազատվել իրենց հնօրյա թուլություններից,
Ինչպես լավերից լավը գյուղացու
Փորձում է կորցնել արդեն ծերացած իր անասունը՝
Նրան սպանել չկարենալո՜վ,
Խղճալո՛վ նրան:
Եվ ամեն անգամ
Նրանք՝ ծերացած անասունները,
Որ մեր մեջ բանող
Թուլություններն են մեզ նախընծայված,
Վերադառնում են ու գտնում են մեզ,
Ո՜ւր էլ որ տանենք – որտե՜ղ էլ թողնենք,
Վերադառնում են ու գտնում դարձյալ՝
Հուսահատության դուռ հասցնելով
Մեզանից նրանց,
Որ լավագույնն են մարդկանց հոտի մեջ:
Հազա՜ր երանի վատագույններին,
Որ հուսահատվել չգիտեն բնավ…
28.X.1965թ. Չանախչի
-
Անմոռացության պտուղը
- Մոռացության օրենքները
Չե՞ն տարածվում ինձ վրա,
Որ ես կրկին, մանկան նման,
Քնին ասում եմ «մայրի՜կ»…
Ու փորձանուտ խավարի մեջ
Կաղակարկին քայլելով՝
Հողի վրա
Կրունկովըս ճակատագիր եմ դաջում:
Հողի վրա
Կրունկովըս ճակատագիր եմ դաջում,
Որ… կարելին չկատարվի՜
Եվ ապրելին չապրվի՜՝
Ի հեճուկըս… չգիտե՛մ ում,
Ի սփոփանք… գիտե՛մ ում.
Ի սփոփանք ի՛մ ու նրա՜,
Որ միշտ մոտս է – մոտըս չէ,
Ու ես անվերջ
Ինքս եմ խոսում իր փոխարեն և իմ տեղ՝
Ա՛յն մարդու պես,
Որ ինքն իր հետ, մենա՜կ, շախմատ է խաղում:
Բայց կուզեի
Եղունգո՜վըս խաղատախտակն այդ կտրել՝
Նրա ամեն քառակուսին
Մի-մի պիտակ դարձնելով
Մեզ բաժանող
Տարածությանն իբրև չափ ու չափանիշ:
Եվ կուզեի,
Որ նա ինքը ի՛ր փոխարեն, ի՛ր լեզվով
Խոսեր ի՛նձ հետ և ինձանի՛ց,
Ա՛յն ամենից, ինչ որ ես
Նույնիսկ ինքըս չեմ հասկանում.
Իմ վախերը թարգմաներ…
Վերծաներ իմ ուզածները՝
Իր թարթափի ակնարկով…
Եվ իր մատներն ուշանային
Իմ մարմնեղեն աշխարհի հենց ա՛յն տեղում,
Ուր ուշացած սերը ատամ է փոխում՝
Համատարած լինդ դարձնելով
Գլխից մինչև գարշապար…
Ո՞ւր է ծագը:
Ե՞րբ կբացվի գեթ առավոտն անսփոփ,
Որ արևը
Կրկին դառնա ծիծաղելի՝ մի պատկե՜ր,
Իսկ աշխարհը՝
Մի մանկական պատկերազարդ ամսագի՜ր,
Ես էլ՝ արդեն ո՛չ երեխա,
Որպեսզի գեթ միառժամ
Թնգթնգալով ինքս իմ ներսում՝
Քնին «մայրի՜կ» չկանչեմ…
28.VIII.1965թ. Չանախչի
-
Թութակի կարոտ
- Ես հոգնել եմ, շա՜տ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չե՛մ սիրում:
Սակայն ասում եմ այնքա՜ն մտքիս մեջ,
Ասես կողքիս ես և լսես պիտի:
Իսկ մեզ յո՜թ միլիոն մետր է բաժանում:
Ու մինչև անգամ եթե դու լսես,
Մի՞թե կլինես այնքա՜ն միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրո՛ք չեմ սիրում:
Բայց ինչո՞ւ եմ զուրկ,
Ես ինչո՞ւ եմ զուրկ
Բոլոր հաճելի թուլություններից.
Ո՛չ հավաքում եմ իրեր հին ու նոր,
Ո՛չ ձուկ եմ բռնում, ո՛չ որսի գնում,
Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,
Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում…
Գոնե տանս մեջ… թութա՜կ պահեի:
Ու թե տանս մեջ թութակ պահեի՝
Կվարժեցնեի ես նրան հիմա,
Որ վաղնջական գուշակի նման
Մի՜շտ ու շարունակ միա՛յն կրկըներ.
-«Էլ քեզ չե՜մ սիրում»…
Սակայն զուրկ եմ ես
Բոլոր օգտակար թուլություններից
Ես զուրկ եմ այնքա՛ն,
Որ մինչև անգամ
Թութա՜կ պահելու թուլություն չունեմ:
Եվ ապաստանած լոկ մի թուլության,
Որ սեր է կոչվում
Եվ գլխիս վրա դարձել է… տանիք
Ու… գլխարկի պես գլխիս է դրվել,
Ապրում եմ այսպե՛ս
Ես այսպե՛ս քայլում՝
Գլխարկի՛ տեղակ… գլխիս մի տանի՜ք.
-Մի նո՛ր խեղկատակ,
Որին չե՞ն տեսնում,
Իսկ թե տեսնում են՝
Ինչո՞ւ չեն հապա քրքըջում վրաս…
06.XI.1964թ. Երևան
-
Դարը և ժամը
- Ո՞վ է սանրվելուց ճաղատացել:
Երանի չէ՜ր լինի, որ մարդ կարողանար…
…Ես մտքերս եմ սանրում՝
Խառնիխուռն-խճուճ,
Ծանրածանըր, ծալ-ծալ իմ մտքերը:
Սանրո՜ւմ ու սանրում եմ,
Բայց… ի՞նչ օգուտ, բայց ի՞նչ.
Չե՛ն նոսրանում նրանք
Եվ ինձնից չեն պոկվում,
Ո՛չ էլ հարդարվում են, կոկվում-սոկվում…
Ու ես հասկանում եմ, որ ինձ պետք է… քնե՜լ,
Քնել գեթ մի փո՛քըր,
Մի՛ քիչ գոնե,
Քնել թե՛ մազերիս,
Թե՛ նրանց չափ անթիվ այս մտքերի՜ս վրա…
Սակայն ծառ կոչվածն էլ իր սիրտն ունի՝
Մի անանուն թռչուն,
Որ (տա՛կ-տի՛կ-տա՛կ)
Բաբախում է, անվե՜րջ, բաբախում է:
Իսկ թե կողքիս մի սիրտ բաբախում է՝
Թեկուզ ծառի՛ վրա
Եվ ո՛չ կրծքի ներքո,
Մեռած էլ որ լինեմ՝
Ինչպե՞ս քնեմ:
Բայց կա նաև ի՛մն էլ՝ սովորակա՜ն մի սիրտ,
Որ միշտ բաբախում է քիչ անսովո՛ր ձևով.
Նա միշտ բաբախում է իմ… գլխի՜ մեջ,
Եվ այս պատճառով էլ իմ կրծքի տակ
Սրտի տեղ կա, կարծեմ, մի… ժամացույց,
Որի մեծ սլաքը ցույց է տալիս դարը,
Իսկ ծանրաշարժ փոքրը՝ ժամն անցողիկ…
Քաղաքային բոլոր ժամացույցները մեր
Կա՛մ ստում են կարգին,
Կա՛մ կանգ առնում հանգիստ
Նույն վաղեմի՜-անցա՜ծ թվացույցի վրա՝
Անձայն հռհռոցով մեզ ծաղրելով մտքում…
Իսկ ճաղատներ քի՞չ կան մեր քաղաքում
Եվ աշխարհում համայն:
Բախտավորնե՜ր…
Եվ շատ մե՞ծ է արդյոք իմ պահանջը կյանքից.
-Լինել… քաղաքայի՛ն մի ժամացույց
Կամ մի… ճաղա՛տ անցորդ,
Բոլորովի՛ն ճաղատ…
05.X.1964թ. Երևան
-
Ընդդեմ օդամանական կայանի
- Երբ մենք հանդիպենք,
Ես գիտե՛մ, թե քեզ ինչ եմ հարցնելու:
Իսկ որոշվա՞ծ է քո պատասխանը:
Երանի թե ես
Ռադիո-ընդունիչ կոչված այս դևին
Թողնեի քնած
Ու չիմանայի,
Որ փոթորիկ է վաղը սպասվում՝
Օդաբանական ինչ-որ կայանի կամեցողությամբ:
Այդ կայանները
Հազարից մեկ են ճիշտ բան գուշակում:
Իսկ եթե հանկարծ
Հազարից մեկը վաղը կատարվի՞…
Ես գիտե՛մ, թե քեզ ինչ եմ հարցնելու,
Երբ մենք հանդիպենք:
Իսկ դու իմ հարցին պատասխանելիս,
Տե՜ս,
Չանե՛ս այնպես,
Որ արդարանա
Օդաբանական կայան հորջորջվող
Մարգարեն այս սուտ:
Եթե ինձ համար դու չես էլ հոգում,
Մտածիր գոնե աշխարհի՛ մասին.
Նա շատ է կարոտ
Մե՛ղմ-գարնանայի՛ն-երջանի՜կ օրվա:
Մեղք է աշխարհը.
Քանի՜ ամիս է նա սպասում է:
Մեղք է, սիրելի՜ս,
Գեթ նրան խղճա
Իմ պատրաստ հարցին պատասխանելիս.
Քո պատասխանով,
Տե՛ս,
Որ փոթորիկ չհանե՜ս իզուր…
27.III.1964թ. Դիլիջան
-
-
среда, 21 августа 2013 г.
Բանաստեղծություններ (6)
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий